ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ Սիլվա (Սիրվարդ) Բարունակի, ծնվել է 1919 թվականի հունվարի 20-ին Երևանում: Բանաստեղծուհի, հասարակական գործիչ, հրապարակախոս։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994)։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատող (1980)։ Ա. Հ. Շիրազի մայրը։ Ավարտել է ԵՊՀ (1941), Մոսկվայի Մ. Գորկու անվան ինստիտուտի բարձրագույն դասընթացները (1950)։ 1944-ին հրատարակվել է Կապուտիկյանի «Երկու զրույց» (բանաստեղծություններ), այնուհետև՝ «Օրերի հետ» (1945) ժողովածուները, որտեղ որոշակիորեն ընդգծվել են նրա պոեզիայի գլխավոր թեմաները՝ հայրենիք, սեր։ Հաջորդ ժողովածուներում («Զանգվի ափին», 1947, «Այս իմ երկիրն է», 1949, «Իմ հարազատները», 1951, «Սրտաբաց զրույց», 1955, «Բարի երթ», 1957), «Մտորումներ ճանապարհի կեսին» (1961) պոեմում, «Ասում են լինել» շարքում (1961), «Տոթ կայարաններ» (1966), «Դեպի խորքը լեռան» (1972) անդրադարձել է հայ ժողովրդի պատմական ճակատագրին, արտահայտել ժողովրդի հավատն իր ապագայի հանդեպ։ Տարբեր տարիների գրած սիրային բանաստեղծություններում վեր է հառնում իր էությանը հավատարիմ հայ կնոջ կերպարը։ Կապուտիկյանի սիրո քնարերգությունը, ծնվելով անձնական տառապանքից, ընդհանրանալով հասել է մարդկային համընդհանուր զգացմունքի մարմնավորման։ 1962-63-ին, 1973-ին այցելել է սփյուռքի հայկական գաղթավայրեր, որի արդյունք են «Քարավանները դեռ քայլում են» (1964), «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» (1976), «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» (2002) ուղեգրությունները։ Կապուտիկյանի և՛ պոեզիայում, և՛ հրապարակախոսական գործերում հնչում է ազգային նկարագրի շեշտվածությունն ու քաղաքացիական խիզախությունը («Իմ ժամանակը։ Հրապարակագրություն և ուղեգրություն», 1979, «Էջեր փակ գզրոցներից», 1997, ժողովածուներ)։ Կապուտիկյանի ուղեգրությունները մեծ նշանակություն ունեն սփյուռքահայության ազգային միասնության, ներքին հոգևոր կապերը պահպանելու և զարգացնելու գործում։ Անդրադարձել է ժամանակի հրատապ և կարևոր հարցերին, այդ թվում նաև արցախյան ազատագրական պայքարի խնդիրներին։

Կապուտիկյանը հրատարակել է նաև մանկական բանաստեղծություններ («Փոքրիկ Արա, ականջ արա», 1948, «Տանը, բակում, փողոցում», 1953, «Մի տարով էլ մեծացանք», 1958, «Ծաղկանոց», 1984, «Երկու քույրիկ, երկու ուլիկ», 1988, ժողովածուներ)։

Որդու՝ Արա Շիրազի հետ:Գրել է «Կռունկ, ուստի կուգաս» (1961, հրտ.՝ 1962), «Եվ դո՞ւ, Բրուտոս» (1976) դրամաները։ Թարգմանել է Յա. Ռայնիսի, Ի. Գրիշաշվիլու, Ի. Նոնեշվիլու, Մ. Շահինյանի, Մ. Ցվետաևայի, Պ. Տիչինայի ստեղծագործություններից։

ՀԳՄ Ա. Իսահակյանի անվան (1983), ԽՍՀՄ (1952) և ՀՀ (1988) Պետական Նոսիդեի անվան միջազգային (1989, Հռոմ), «Վահագն» համահայկական (2003) մրցանակներ։

ՀԽՍՀ ԳԽ պատգմավոր (1975-80)։ Մահացել է 2006 թվականի օգոստոսի 25-ին:

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Արիստակեսյան Ա., Սիլվա Կապուտիկյան, Երևան, 1983թ.։ 

Սիլվա Կապուտիկյան։ Կենսամատենագիտություն, Երևան, 1987թ.։ 

Հարությունյան Ս., Սիլվա Կապուտիկյանի չափածոյի լեզուն և ոճը, Երևան, 1992թ.։

Ստեղծագործություններ

Երկեր, հատոր 1-3, Երևան, 1984-1985թ.։ 

Ձմեռ է գալիս (բանաստեղծություններ), Երևան, 1983թ.։ 

Գիրս մնա հիշատակող, Երևան, 1988թ.։ 

Գույներ նույն խճանկարից, Երևան, 1989թ.։ 

Ընտրանի, Երևան, 1999թ.։ 

Քարավանները հեռանում են, Երևան, 1999թ.։  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am