ԿԱՐԻՆՅԱՆ (Գաբրիելյան) Արտաշես Բալասիի (24.11.1886, Բաքու - 29.5.1982, Երևան), պետական գործիչ, գրականագետ, պատմաբան: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961): Սոցիալական աշխատանքի հերոս (1976): ՌՍԴԲԿ անդամ՝ 1907-ից: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1910): 1918-ին՝ Բաքվի կոմունայի արդարադատության կոմիսար, 1921-ին՝ ՀԽԱՀ արդարադատության ժողկոմ, 1924-28-ին՝ ՀԽՍՀ ԿԳԿ նախագահ, 1933-34-ին՝ ՀԽՍՀ լուսժողկոմի տեղակալ, 1960-63-ին՝ ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար, 1963-65-ին՝ ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահի պաշտոնակատար, 1965-82-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1921-22-ին ՀԿԿ կենտկոմի և ԺԿԽ հանձնարա-րությամբ հայ գաղթավայրերին ծանոթանալու նպատակով եղել է Թուրքիայում, ԱՍՆ-ում: Խմբագրել է «Կարմիր դրոշակ» (1919, Մոսկվա), «Պայքար» (1923, Երևան), «Անդրկովկասի ժողովրդական տնտեսություն» (ռուսերեն, 1929-30, Թիֆլիս), «Նոր ուղի» (1930-32, Երևան) և այլ պարբերականներ: 1906-ին լույս է տեսել նրա «Գրականութիւն եւ կեանք» գրքույկը, 1928-ին՝ «Դեմքեր և դեպքեր» ուսումնասիրությունը: Կարինյանը զբաղվել է XIX դ. 60-ական թթ. հայ գրական-հասարակական մտքի հետազոտությամբ («Միքայել Նալբանդյանը և XIX դ. 60-ա-կան թթ. ռուսական առաջավոր գործիչները», 1949), հայ պարբերական մամուլի պատմությամբ («Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության», հ. 1-2, 1956-60): Տպագրվել են նրա «Գրական արձագանքներ» (1955), «Գրական- քննադատական հոդվածներ» (1962), «Հովհաննես Թումանյան» (1971), «Եղիշե Չարենց» (1972) աշխատությունները: Առաջին աշխարհամարտին, հայ քաղաքական կուսակցությունների գործունեությանը, Հայկական հարցին նվիրված մի շարք աշխատություններում Կարինյանը տուրք է տվել գռեհիկ սոցիոլոգիզմի մտայնությանը:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Գրական պատմական ակնարկներ, Ե., 1982: Գրկ. Արտաշես Բալասիի Կարինյան [կենսամատենագիտություն], Ե., 1977:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am