ԿԱՐՃԻԿՅԱՆ Համլետ Թորգոմի, Թորգոմյան Արմեն (ծնվել է 26.4.1936, Երևան), բանաստեղծ, հրապարակախոս: Ավարտել է ԵՊՀ (1959), Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի դասընթացները (1977): 1960-ից աշխատել է ՀՀ հրատարակչական համակարգում. 1987-91- ին՝ «Խորհրդային գրող» («Նաիրի») հրատարակչության բաժնի վարիչ, 1991-1994-ին՝ «Լույս» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1997-2002-ին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր տեղեկատվության, գրահրատարակչության և պոլիգրաֆիայի վարչության առաջատար մասնագետ:

Կարճիկյանի քնարական ժողովածուներում գերիշխողը սիրո և բնության ավանդական թեմաներն են [«Գարնանամուտ», 1959, Թորգոմյան Արմեն ծածկանունով), «Սիրո ամառ», 1973, «Ապրելու օր», 1976, «Արևային սոնատ», 1980, «Խարիսխ», 1983, «Սիրտ բանական», 1988 (ՀԳՄ Ա. Իսահակյանի անվան մրցանակ՝ 1989), «Սիրո բույրը... Հայաստանի», 2003, ժողովածուներ]: Կազմել է Բ. Գեմբարսկու «Նամակներ աշխարհին»՝ Հայկական հարցին նվիրված հոդվածների (1990, ծանոթագրություններով և վերջաբանով), Պ. Սևակի «Վառվող արյուն» բանաստեղծությունների (2000, առաջաբանով և վերջաբանով) ժողովածուները և այլն: Կատարել է չափածո թարգմանություններ:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am