ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՉԱՌԵՑԻ (մոտ 1260 - մոտ 1331), բանաստեղծ, մշակութային գործիչ։ Եղել է Կեչառիսի միաբանության վանահայր։ Հեղինակ է քնարական բանաստեղծությունների, հոգևոր երգերի, «Վասն աւերման տանս արեւելեան» պատմաքաղաքական ողբի, «Վասն գալստեան մոգուցն» պարականոն զրույցի։ Կեչառեցին առաջինն է խմբագրել Կեղծ-Կալիսթենեսի «Պատմութիւն Աղեքսանդրի Մակեդոնացւոյ» երկի հայերեն թարգմանությունը և հարստացրել է երկը իր իսկ հորինած կաֆաներով և արձակ հավելումներով, պատկերազարդումներով։ Նրա «Վասն աւերման տանս արեւելեան» ողբը, ինչպես նաև մյուս ստեղծագործությունները ժամանակի հրատապ հարցերի արձագանքն են։ Նա խորհում է աշխարհի ունայնության ու վերջին դատաստանի մասին, անդրադառնում հոգու ու մարմնի պայքարին։ Սիջնադարյան շատ բանաստեղծների նման նրան նույնպես հատուկ է «հողեղեն մարդու» անկատարության ողբերգությունը։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Տաղեր (աշխատասիր.՝ Ա. Դոլուխանյանի), Ե., 1988։

Գրկ. Ավդալբեգյան Մ., Խաչատուր Կեչառեցի, XII-XIVդդ., Ե., 1958։

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am