ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1270-ական թթ, Եկեղյաց գավառի Ագրակ ավան - 1356), փիլիսոփա, մատենագիր, մեկնիչ, բանաստեղծ, մանկավարժ, եկեղեցական գործիչ: Ուսանել է Երգնկայում: 1315-ից՝ րաբունապետ: Երզնկայի XIII-XIV դդ. գրական-փիլիսոփայական դպրոցի Նշանավոր ներկայացուցիչ: Գրել է ճառեր, քարոզներ, կանոնախրատական գործեր, մեկնություններ, շարականներ, զարգացրել նախորդների, մասնավորապես Հովհաննես Երզնկացի Պլուզի փիլիսոփայական հայացքները: Քննել է անցավորի ու հավիտենականի, մարմնի և հոգու, նյութի և ստեղծագործության, եզակիի և ընդհանուրի փոխհարաբերության, իմացության միջոցների և աստիճանների, գիտությունների դասակարգման և այլ փիլիսոփայական խնդիրներ:

Մարմնի և հոգու փոխհարաբերությունը վերլուծել է որպես նյութի և մտքի, նյութի և արվեստի, ձևի և բովանդակության փոխհարաբերություն, նյութի հիմնական հատկանիշը համարել է շարժումը, փոփոխելիությունը, հավերժությունը, հոգին նույնացրել է մտքի հետ, հաստատել մարդու մշտապես կատարելիության ձգտելու էությունը: Ճանաչողության առաջին աստիճան ընդունել է զգայականը, վերջնականն ու ամենակարևորը՝ մտավորը, ընդհանրացման ունակությունը:

Երզնկացին խնդիր է դրել կրթությունը կազմակերպել նախ դրական օրինակով, ապա՝ խոսքով, նախապես վերացնել արատ ծնող պատճառները, ուժեղացնել գիտակցության գործոնը, սխալն ուղղելու կամքը: Հատուկ ուշադրություն է դարձրել առարկաների ընտրությանը, կազմել բարձրագույն կրթության ձեռնարկներ: Օրենսդրական գործերում անհրաժեշտ է համարել անհատ, և հոգեբանական մոտեցումը, հետևողականորեն պայքարել է հայ ժողովրդի միասնությունը պառակտող քարոզիչների դեմ, պաշտպանել ազգերի համերաշխ և իրավահավասար գոյակցության սկզբունքը: Երզնակցու աշխատությունները ունեն ժամանակի հասարակական-քաղաքական կյանքն արտացոլող պատմական մեծ արժեք: Թեև նրա չափածո գործերից քչերն են պահպանվել, սակայն իրենց բարձր արվեստով հեղինակին հռչակել են որպես մեծ շարականագիր: Երզնկացու գործերը հիմնականում անտիպ են: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Սրապյան Ա., Բանասիրական ճշգրտումներ, ՊԲՀ, 1972, №4:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am