ԼԱԼԱՅԱՆ Երվանդ Ալեքսանդրի (13.3.1864, Ալեքսանդղապոլ (այժմ՝ Գյումրի) - 24.2.1931, Երևան), ազգագրագետ, բանահավաք, հնագետ։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1885), որպես ուսուցիչ աշխատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում։ 1894- ին ավարտելով ժնևի համալսարանը՝ ստացել է գիտական աստիճան և վեց ամիս աշխատել է Վիեննայի Մխիթարյանների մոտ։

1895-97-ին դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում, որտեղ համախմբելով ժամանակի հայ գիտական լավագույն ուժերը՝ հրատարակել է «Ազգագրական հանդես» (1895-1916) պարբերականը։ 1900-ին Թիֆլիսում հիմնել է Ազգագրական հրատարակչություն, 1906-ին՝ Հայոց ազգագրական ընկերությունները։ Ընկերության կազմակերպած թանգարանը նրա ջանքերով 1921-ին փոխադրվել է Երևան, և Լալայանը դարձել է թանգարանի առաջին վարիչը։

Առանձին գրքերով Լալայանը հրատարակել է «Ջավախքի բուրմունք» (1892), «Հոբոս» (1903), «Պառաւաշունչ» (1911), «Մարգարիտներ հայ բանահիւսութեան» (հ. 1-3, 1914-15) գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ։ Լալայանը կատարել է բազմաթիվ պեղումներ Հայաստանի հնավայրերում, որոնց արդյունքներն ամփոփված են «Դամբարանների պեղումները Խոհրդային Հայաստանում» (1931) գրքում։ Հրատարակել է Վայոց ձորի, Վասպուրականի և Նոր Բայազետի հուշարձաններին նվիրված նկարազարդ 3 ալբոմ։ Լալայանը հայերեն է թարգմանել ֆրանսերեն և ռուսերեն ազգագրագետների մի շարք աշխատություններ, գեղարվեստական ստեղծագործություններ։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Երկ., հ. 1, 2, Ե., 1983, 1988։

Գրկ. Մելիք-Փաշայան Կ.Վ., Երվանդ Լալայան, ՊԲՀ, 1964, N 3։ 

Սամվելյան Ա., Երվանդ Լալայան, Էջմիածին, 1964։ 

Նազինյան Ա., Երվանդ Լալայան, բանահավաք, բանագետ, ԼՀԳ, 1965, 8։ 

Ադամյան Ա., Երվանդ Լալայանի անտիպ նամակներից, Ե., 1965։

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am