ԼԵՈ (Բաբախանյան Առաքել Գրիգորի), ծնվել է 1860 թվականի ապրիլի 14-ին Շուշիում: Պատմաբան, հրապարակախոս, գրող, գրականագետ։ Պրոֆեսոր (1925), ՀԽՍՀ գիտությունների և արվեստի ինստուտի (1930-ից՝ ՀԽՍՀ գիտությունների ինստիտուտ) իսկական անդամ (1925)։ Ավարտել է Շուշիի քաղաքային վերակազմյալ դպրոցը (1878)։ Շուշիում և Բաքվում աշխատել է նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ, 1895–1906-ին՝ «Մշակի» (Թիֆլիս) աշխատակից ու քարտուղար, 1906-07-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել Թիֆլիս, նվիրվել գիտական աշխատանքի։ 1924-ից դասավանդել է ԵՊՀ-ում։ 1877-ից աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր» և այլ պարբերականների, տպագրել հարյուրավոր քննադատական հոդվածներ, վիպակներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններ։ Ուշագրավ են «Հայկական տպագրություն» (հատոր 1-2, 1901-1902), «Հովսեփ կաթողիկոս Արղության» (1902), «Գրիգոր Արծրունի» (հատոր 1-3, 1902-05), «Մ. Մեսրոպ» (1904), «Ստեփանոս Նազարյանց» (հատոր 1-2, 1905), «Հայոց հարցը» (1906), «Հայ գրքի տոնը» (1912), «Վանի թագավորությունը» (1915), «Հայոց հարցի վավերագրերը» (1915), «Անի» (հրտ.՝ 1946) աշխատությունները։ Առանձնապես արժեքավոր է նրա «Հայոց պատմություն» աշխատությունը (հատոր 1, 1917, հատոր 2-3, 1946-47), որում հանգամանորեն շարադրել է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարի վերջը (բացառությամբ 12–15-րդ դարի)։

Լեոյի աշխատությունները պարունակում են ինչպես հարուստ փաստական նյութ (հայ և օտար պատմիչների, ժամանակագիրների երկեր, վիմական արձանագրություններ, հնագիտական, լեզվագիտական ու բանասիրական տվյալներ, ճանապարհորդական նոթեր ու հուշեր, գիտական ուսումնասիրություններ, վավերագրեր և այլն), այնպես էլ պատմագիտական կուռ ընդհանրացումներ, աչքի են ընկնում ոճական ինքնատիպությամբ ու շարադրանքի մատչելիությամբ։ Իր ապրած բարդ, հակասական ժամանակաշրջաններին հատուկ իրարամերժ գաղափարները խորապես ազդել են Լեոյի աշխարհայացքի վրա, առաջացրել տարբեր տեսակետներ ու կարծիքներ, ինչը հատկապես դրսևորվել է վերջին շրջանի պատմագիտական գործերում։ Մինչև 1920-ական թվականներին հրատարակված աշխատություններում Լեոն մեծ տեղ է հատկացրել մարդկային հասարակության զարգացման մեջ հոգևոր ու աշխարհագրական գործոններին, անհատի դերին, երբեմն էլ իդեալականացրել անցյալը։ Վերանայելով իր պատմահայեցողության սկզբունքները՝ հետագա տարիներին գրած «Անցյալից» (1925), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927), «Խոջայական կապիտալ...» (1934), «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» (հատոր 1-2, 1934-35) և այլ աշխատություններում ցուցաբերել է պատմության նոր ըմբռնում։ Տուրք տալով ժամանակի պատմագրության մեջ իշխող դրույթներին՝ Լեոն առաջ է քաշել իր նախկին որոշ տեսակետներին հակառակ կարծիքներ, հատկապես հայ ազատագրական շարժումների, հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միացման գնահատման հարցերում։

Լեոն գրել է նաև գեղարվեստական ու գրականագիտական երկեր։ Նահապետական գյուղի առօրյայից քաղված պատկերներում ու պատմվածքներում («Սնապաշտության քուրմ», 1884, «Դարտամահ», 1890, «Արնագին», 1890, «Այծարածը», 1904, «Մի բուռը մոխիր», 1904 և այլն) Լեոն ներկայացրել է հայ շինականի դառը ճակատագիրը, նրա ընդվզումները։ «Պանդուխտը» (1888, որի տակ առաջին անգամ ստորագրել է «Լեո»), «Կորածներ» (1889), «Ոսկու ժխորի մեջ» (1901, լրիվ հրատ.՝ 1927) և այլ երկերի նյութը «հողալքումն» է։ Օտարերկրյա բռնակալների դեմ հայ ժողովրդի պայքարի դրվագներ են արտացոլված «Վահան Մամիկոնյան» (1888), «Սպանված հայրը» (1891), «Վերջին վերքեր» (1891), «Թաթախման գիշերը» (1892), «Լեռնցիներ» (1896) պատմական զրույցներում, «Մելիքի աղջիկը» (1898) պատմաավանդական վեպում և «Վարդանանք» (1916) դրամայում։ Սրանց գաղափարական առանցքը համաժողովրդական պայքարի միջոցով անկախության նվաճումն է։ Նույն գաղափարներն են արծարծում նաև «Ուխտավորի հիշատակարանը» (1885), «Իմ հիշատակարանը» (1890) և այլն։ Տարբեր աշխատություններում Լեոն մեկնաբանել է հայրենի գրականության հարստությունները՝ հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը։ Լեոյի պատկերացմամբ՝ գեղարվեստական գրականությունն ու գրաքննադատությունը գաղափարական զենքեր են ազգային-ազատագրական գաղափարների և մարդկային իրավունքների իրականացման գործում։ Մահացել է 1932 թվականի նոյեմբերի 14-ին Երևանում: 

Լեոյի անունով կոչվել են փողոց և դպրոց Երևանում։

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Օհանյան Ա.Կ., Լեոյի գեղարվեստական ստեղծագործությունը, Երևան, 1969թ.։

Ստեղծագործություններ

Լեո, Երկերի ժողովածու, հատոր առաջին, Հայաստան հրատ., 1966թ.:

Լեո, Երկերի ժողովածու, հատոր երկրորդ, Հայաստան հրատ., 1967թ.:

 Լեո, Երկերի Ժողովածու, հատոր երրորդ, Հայաստան հրատ., (գիրք առաջին), 1969թ.:

Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 1-8, Երևան, 1966-1987թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am