ԼԻՍԻՑՅԱՆ Ստեփան Դանիելի (23.9.1865, Թիֆլիս - 4.1.1947, Երևան), ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ։ Պրոֆեսոր (1941)։ ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1945)։ Կ. Բ. Լիսիցյանի ամուսինը, Լ.Ս., Ս. Ս. և Ն. Ս. Լիսիցիանների հայրը։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1884), Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1889)։ 1889-91-ին դասավանդել է Գևորգյան ճեմարանում, 1894-1915-ին՝ Ներսիսյան դպրոցում։ 1904-ին և 1910-11-ին ուսումնասիրել է Վիեննայի Մխիթարյանների գրադարանում, Բեռլինի և եվրոպական այլ քաղաքների թանգարաններում եղած հայագիտական նյութերը։ 1892-1903-ին եղել է Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության խմբագրության անդամ և քարտուղար, 1898-1921-ին՝ Թիֆլիսի Կատարինե Լիսիցյանի հայկական տարրական երկսեռ դպրոցի (1911-ից՝ գիմնազիա, 1921-ից՝ տեխնիկում) ուսուցիչ և տնօրեն։ 1892-98-ին աշխատակցել է «Աղբյուր» և «Տարազ» հանդեսներին։ Հիմնադրել, խմբագրել և հրատարակել է (1905-17, 1922) «Հասկեր» մանկ, ամսագիրը։ Հ. Թումանյանի ու Լ. Շանթի հետ կազմել և հրատարակել է «Լուսաբեր» մայրենի լեզվի դասագիրքը (Թիֆլիսում, Կ. Պոլսում)։ 1924-ից աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատի մեթոդական բյուրոյում, 1925-28-ին՝ Հայաստանի կենտրոնական գավառագիտական բյուրոյի ղեկավար, 1938-43-ին դասավանդել է ՀՊՄԻ–ում, 1924-47-ին՝ ԵՊՀ-ում (1940-ից՝ աշխարհագրական ֆակուլտետի ֆիզակական աշխարհագրության ամբիոնի վարիչ)։ 1928-47-ին ղեկավարել է ՀՊՊԹ ազգագրության բաժինը։ Կազմակերպել է գիտական արշավախմբեր, գրառել ազգագրական նյութեր, ձեռք բերել թանգարանային ավելի քան 1000 ցուցանմուշ։ Ազգագրական աշխատանքները կանոնավորելու և գիտական հիմքերի վրա դնելու նպատակով կազմել ու հրատարակել է «Ազգագրական հարցարանը» (1946)։
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Զանգեզուրի հայերը, Ե., 1969։
Ծաղկաքաղ, Ե., 1969։
Լեռնային Ղարաբաղի հայերը։ Ազգագրական ակնարկ, «Հայ ազգագրություն և բանահյուսություն», պրակ 12, Ե., 1981։
Հայրենի առասպելներից և վեպերից, Ե., 1995։
Գրկ. Ստեփան Դանիելի Լիսիցյան, Ե., 1987 (Նյութեր Հայկական ՍՍՀ գիտնականների կենսամատենագիտության, N 41)։
Մարտիրոսյան Հ.Ս., Ստեփան Լիսիցյանը մանկավարժ, Ե., 1989։
Варданян Л.М., Степан Лисицян и истоки армянской этнографии, Е., 2005.
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am