ՄԱԿԻՆՑՅԱՆ Պողոս Մկրտչի. ծնվել է 1884 թվականին Ներքին Ագուլիսում (Նախիջևան): Պետական գործիչ, գրաքննադատ, թարգմանիչ, հրապարակախոս: Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1906), ՄՊՀ (1913): 1918-21-ին աշխատել է ՌԽՖՍՀ պետական կառույցներում, ապա տեղափոխվել Հայաստան: 1921-22-ին՝ ներքին գործերի ժողկոմ, ապա՝ լուսժողկոմ: 1922-24-իև դիվանագիտական աշխատանք է կատարել Կ. Պոլսում, 1925-27-ին՝ Միլանում և Փարիզում: Կյանքի վերջին տարիներին եղել է ԽՍՀՍ ԳԱ Անդրկովկասյան մասնաճյուղի գիտքարտուղարը: 1910-12-ին Մոսկվայում Վ. Տերյանի և ուրիշների հետ կազմել և խմբագրել է «Գարուն» ալմանախի երեք գրքերը: 1912-ին «Դիմագծեր» խորագրով տպագրել է Հ. Թումանյանին և Ա. Իսահակյանին նվիրված ուսումնասիրություններ: «Հայ գրականության ժողովածուի» (1916) հրատարակման ժամանակ համագործակցել է Վ. Տերյանի և Մ. Գորկու հետ. գրել առաջաբանը («Հայ գրականության ակնարկ»): Վ Բրյուսովի հետ մասնակցել է «Հայաստանի պոեզիան...»(1916) անթոլոգիայի կազմմանը: 1923-25- ին կազմել և խմբագրել է Վ. Տերյանի երկերի քառահատորը: Հայերեն է թարգմանել Գ. Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» չափածո դրաման, Սերվանտեսի «Դոն Կիխոտը», Ա. Պուշկինի «Բորիս Գոդունովը», ռուսերեն՝ Հ. Թումանյանի, Ա. Շիրվանզադեի, Գ. Մահարու, Մ. Արմենի ստեղծագործություններից: Հեղինակ է գրական-հրապարակախոսական աշխատությունների: 1938-ին անհիմն բռնադատվել է և գնդակահարվել, հետագայում արդարացվել:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Ստեղծագործություններ
Դիմագծեր (գրական-քննադատական ուսումնասիրություններ և հոդվածներ). Երևան, 1980թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am