Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360—861 թթ. Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի Հացիկ կամ Հացեկաց գյուղում։ Նրա հոր անունը Վարդան էր։ Ավարտելով Հայաստանում գործող օտարալեզու դպրոցներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցը, հատկապես հմտանում է հունարեն և ասորերեն լեզուների մեջ և ծառայության մտնում Վաղարշապատի արքունի դիվանատանը՝ զինվորական գրագրի պաշտոնով։ Այստեղ պալատական գրատներում ու մատենադարաններում երիտասարդ Մաշտոցը հնարավորություն է ունենում էլ ավելի խորացնելու իր գիտելիքները և ձեռք է բերում մեծ հեղինակություն։ Վաղարշապատում Մեսրոպ Մաշտոցը դառնում է կրոնավոր և 390-ական թվականների սկզբներին մի խումբ աշակերտներով մեկնում Գողթն գավառը քրիստոնեական ուսմունքը պրոպագանդելու համար։ Նա այստեղ ակտիվ պայքար է ծավալում նաև հեթանոսական պաշտամունքի մնացորդների և աղանդավորական շարժումների դեմ։ Գողթնում ծավալած իր գործունեության ընթացքում Մաշտոցը համոզվում է, որ ասորա-հունական ազդեցությունների, հեթանոսական ուսմունքի ու հայոց եկեղեցու հակառակորդների դեմ հիմնավոր պայքար ծավալելու համար անհրաժեշտ է ունենալ սեփական տառերով գրված սեփական գրականություն։ Այս մտորումներով նա վերադառնում է Վաղարշապատ և խորհրդակցում այն ժամանակվա հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի և Վռամշապուհ թագավորի հետ, որոնք հանձն են առնում ամեն կերպ աջակցել Մեսրոպ Մաշտոցին՝ հայկական այբուբենի հորինման գործում։ Այդ ուղղությամբ, սակայն, առաջին քայլը կատարողը լինում է Վռամշապուհը, որի կողմից Միջագետք գործուղված Վահրիճը ասորի եպիսկոպոս Դանիելի մոտից Հայաստան է բերում ինչ-որ տառերի նմուշներ, որոնք, սակայն, պակասավոր էին և ուսուցումն այդ տառերով շարունակելը հնարավոր չէր: Այդ պատճառով էլ նոր լիարժեք գրեր ստեղծելու խնդիրը սպասում էր իր վճռողին։ Այս պայմաններում հարցի վերջնական լուծումն իր ձեռքն է վերցնում Մեսրոպ Մաշտոցը, որը 390-ական թվականների վերջերին թագավորի և կաթողիկոսի հանձնարարականներով, մի խումբ աշակերտների հետ ուղևորվում է Միջագետք՝ այն ժամանակվա նշանավոր գիտական ու մշակութային կենտրոնների գրադարաններում որոնումներ և ուսումնասիրություններ կատարելու և հայկական տառեր ստեղծելու համար։ Ամիդից և Եդեսիայից հետո Մաշտոցը իր հիմնական աշխատանքները կենտրոնացնում է Սամոսատում, որտեղ նրան ամեն կերպ օգնում և աջակցում էին տեղի մտավորականները։ Մեսրոպ Մաշտոցի քրտնաջան աշխատանքը վերջապես պսակվում է հաջողությամբ և 405 թվականին նա կարողանում է ստեղծել նոր և միանգամայն կատարյալ հայկական այբուբեն ու վերադառնում է հայրենիք, որտեղ նրա ջանքերով բացվում են դպրոցներ և հայ մանուկներին ուսուցանում գրագիտություն։

Մեսրոպ Մաշտոցն ապրեց 80—81 տարի։ Նա վախճանվել է 440 թվականի փետրվարի 17-ին Վաղարշապատում և թաղվել Արագածոտն գավառի Օշական գյուղում, որտեղ մինչև այժմ մեծ սրբությամբ պահպանվում է նրա գերեզմանը։

Մեսրոպ Մաշտոցը թեև իր կյանքի մեծ մասը տրամադրել է հայկական նոր տառերի ստեղծման, դպրոցներ բաց անելու և գրագիտություն տարածելու գործին, սակայն դրա հետ մեկտեղ նա մեծ եռանդով զբաղվել է նաև թարգմանական աշխատանքով և ինքնուրույն ստեղծագործություններով։ Նրա ինքնուրույն աշխատանքներից պահպանվել է միայն մեկը, որը հայտնի է «Յաճախապատում ճառք» վերնագրով։ Թեև այդ աշխատության Մեսրոպ Մաշտոցի գրչին պատկանալու մասին որոշակի հիշատակություն ունի Մաշտոցի կենսագիր Կորյունը, րայց հայ պատմիչ Ագաթանգեղոսը ըստ երևույթին այդ գործին ավելի մեծ հեղինակություն տալու դիտավորությամբ, այն վերագրել է Գրիգոր Լուսավորչին։ Այս հակասական տեղեկություններն էլ պատճառ են դարձել «Յաճախապատում ճառքի» հեղինակի հարցի շուրջը ծավալված երկարատև վեճերի, որոնք այժմ կարծեք թե վերջնականապես լուծվել են Մեսրոպ Մաշտոցի օգտին։

Մեսրոպ Մաշտոցի «Յաճախապատում ճառքը» կազմված է 23 ինքնուրույն ճառերից, որոնք բոլորն էլ ունեն կրոնաբարոյախոսական և կրոնափիլիսոփայական բովանդակություն։ Դրա համար էլ այդ աշխատությունը դարեր շարունակ օգտագործվել է ժողովրդին քրիստոնեական ոգով դաստիարակելու համար։ Ոմանք ենթադրում են, որ «Յաճախապատում ճառքը») հայերեն տառերով ստեղծված աոաջին ինքնուրույն գործն է։

Մեսրոպ Մաշտոցը նաև փիլիսոփա գիտնական է։ նրա կարծիքով ամեն ինչի սկիզբն ու արարիչը Աստվածն է, որն անսկիզբ, անվախճան և հավիտենական ի Աստված որդու և սուրբ հոգու հետ կազմում է սուրբ երրորդությունը։ «Մի բնութիւն է նոցա, - ասում է հեղինակը, - և մի անփոփոխ իսկութիւն և մի արարչութիւն, մի աստուածութիւն և մի զօրութիւն, և չիք ուստեք եկամուտ և զօդուած կամ յաւելուած յանսկիզրն երրորդութիւնն, այլ նա է աղբիւր և ի նմանէ բաժանումն ընդ ամենայն արարածս»։ Աստծուն ամեն ինչի արարիչը համարելով, Մեսրոպ Մաշտոցը շատ կարևոր տեղ է հատկացնում նաև մարդուն։ Մարդը ըստ նրա երկրորդ աստվածն է, որն իր հանճարի շնորհիվ կարողանում է ակտիվ ներգործություն ունենալ բնության վրա և վերափոխել այն իր համար։ Այս մտքերը Մեսրոպ Մաշտոցը չնայած վերցրել է Աստվածաշնչի Ծննդոց գրքից, սակայն կուրորեն չի կրկնել դրանք, այլ տրամաբանական զարգացման շնորհիվ վերացականից հանգել է մարդու ստեղծագործական հանճարի ճանաչմանը։ Մաշտոցը գտնում է, որ մարդը աշխատանքի միջոցով է հասնում իր հանճարի գագաթնակետին։ Սրանից պարզ երևում է, որ նա իր ժամանակի տիրապետող գաղափարախոսության քրիստոնեական դւսմունքի կրողն է: Բոլոր փիլիսոփաների նման, նա գտնում է, որ մարդն ունի հոգի, առանց որի նա առհասարակ կկորցնի իր բանական հատկությունները։ 14-րդ ճառում կրկնելով հին մտածողներին, թե բոլոր երևացող և չերևացող արարածները շրշապատող բնության հետ միասին կազմված են չորս տարրերից՝ հողից, ջրից, կրակից և օդից, Մեսրոպ Մաշտոցը հանգում է այն մտքին, որ Աստված ոչնչից է ստեղծել ամեն ինչ։

«Յաճախապատում ճառք»-ի հեղինակը շոշափում է նաև չարի (սատանայի) և բարու (աստծո) փոխհարաբերության հարցը և հանգում այն ճիշտ եզրակացությանը, որ բացարձակ չար և բացարձակ բարի հասկացություններ գոյություն չունեն։ Գնահատելով մարդու դրական կողմերն ու առաքինությունները և պախարակելով նրա վատ արարքները՝ Մաշտոցը քրիստոնեական Աստվածաշնչյան գաղափարախոսության դիրքերից զարգացնում է չարին չդիմադրելու ավետարանական սկզբունքը՝ մարդու բարոյական ամենաբարձր հատկանիշը հա֊մարելով հեզությունը, համեստությունը, համբերությունը։ Այստեղից նույնպես հետևում է, որ մարդիկ պետք է աշխատեն փոխադարձաբար իրար զիջել, ապրեն հաշտ ու խաղաղ աշխատանքային, ստեղծագործական հոգսերով ու նպատակներով։

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am