ՆԵՐՍԵՍ ՄՈԿԱՑԻ Վանեցի, Բեղլու. ծնվել է մոտ 1575 թվականին Հասկնջավ գյուղում (Վանի նահանգի Մոկսի գավառ): Բանաստեղծ, կրթական-լուսավորչական գործիչ, փիլիսոփա:

Կրթություն է ստացել հորեղբոր՝ Հայրապետ վարդապետի մոտ, այնուհետև աշակերտել է Բարսեղ Աղբակեցուն: Ներսես Մոկացու գործունեությունը կապված է Բաղեշի Ամրդոլու վանքի Հարանց անապատի և Լիմ անապատի ու իր հիմնադրած դպրոցի (1622) հետ. «Օրհնեալ Տեր Յիսուս փրկիչ» տողով սկսվող ներբողը նվիրված է Հարանց անապատի հիմնադրմանը: Մի այլ գրվածքում պատկերել է Անդրեաս քահանայի նահատակությունը՝ Շահ Աբբասի հրամանով (1617): «Ի հոլովել ժամանակին» տողով սկսվող ողբում նկարագրել է Սալահ ադ Դինի կողմից Երուսաղեմի գրավումը (1187):

Ներսես Մոկացու փիլիսոփայական հայացքները դրսևորվել են «Վիճաբանութիւն երկնի եւ երկրի» այլաբան, բանաստեղծության մեջ: Հոգու և մարմնի փոխհարաբերության հարցում գերադասությունը տալիս է մարմնին, երկնքի և երկրի հակադրության հարցում՝ երկրին: Մահացել է 1625 թվականին Վանա լճի Լիմ կղզում: 

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ակինյան Ն., Բաղէշի դպրոցը, Վիեննա, 1952թ.:

Մնացականյան Ա.. Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, Երևան, 1956թ.:

Խաչատրյան Պ.. Հայ միջնադարյան պատմական ողբեր (ԺԴ-ԺԷ դարեր), Երևան, 1969թ.:

Ստեղծագործություններ

Բանաստեղծություններ, աշխատասիրությամբ՝ Ա. Դոլովսանյանի, Երևան, 1975թ.:

Բանաստեղծություններ, Երևան, 1985թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am