ՄՈՒՐԱՑԱՆ (Տեր-Հովհաննիսյան Գրիգոր). ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 1-ին Շուշիում: Գրող։ Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1873)։ 1875-76-ին հայոց լեզու է դասավանդել Խ. Ստեփանեի դպրոցում։ 1877-ին շրջագայել է Արցախի ու Սյունիքի պատմական վայրերում, գրել «Հասան-Ջալալեան ազգի համառօտ տոհմագրութիւնը» (1880) երկը։ 1878-ին հաստատվել է Թիֆլիսում։ Գրական ճանաչման է արժանացել «Ռուզան կամ հայրենասէր օրիորդ» (1900) պատմական դրամայով։ Մուրացանը չի ընդունել արմատական բարեփոխումներն ու հեղափոխականությունը, ազգապահպանման հիմքը համարել է եկեղեցին, ընտանիքը, ազգային սովորույթներն ու բարքերը։ Ազգային միասնության ու ավանդական կեցության գաղափարը որոշակի ուղղություն է տվել Մուրացանի ստեղծագործությանը՝ դրան հաղորդելով քարոզչական բնույթ («Հայ բողոքականի ընտանիքը», 1882, վիպակ, «Իմ կաթոլիկ հարսնացուն», 1885, «Չհաս է», 1886, վեպեր, «Հասարակաց որդեգիրը», 1884, «Հարուստները զուարճանում են», 1884, «Ի՞նչ լայեղ է», 1885, «Անպատճառ իշխանուհի», 1886, պատմվածքներ)։ Մուրացանի կարծիքով՝ ազգի զարգացումը ճիշտ ուղու վրա դնելու համար հարկավոր են անձնազոհ անհատներ՝ առաքյալներ։ Որպես գործելու ծրագիր՝ առաջադրել է «Խորհրդավոր միանձնուհին» (1889) վեպը, որի հերոսուհին՝ Քույր Աննան, ուրվագծել է հեղինակի սոցիալական ուտոպիան, այն է՝ տնտեսապես բարեկարգված նահապետական համայնք, որի բարոյական նեցուկներն են դպրոցն ու եկեղեցին։ «Լուսաւորութեան կենտրոնը» (1892), «Նոյի ագռաւը» (1899), «Առաքեալը» (1902), «Գթութեան քոյրեր» (1902) երկերում փորձել է վերստին հարություն տալ առաքյալ հերոսին, սակայն իրականությունը փշրել է նրա պատրանքները։ Իրականության մեջ չգտնելով իր իդեալները՝ Մուրացանը հայացքն ուղղել է դեպի պատմական անցյալը։ «Գեւորգ Մարզպետունի» (1896) պատմավեպը Մուրացանի ռոմանտիկ, պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է, որն արտացոլում է 10-րդ դարի Բագրատունիների հայկական թագավորության շրջանի իրադարձությունները։ Գլխավոր հերոսի՝ Գևորգ Մարզպետունու կերպարի մեջ է մարմնավորված գրողի տեսլականը՝ «Մեկ ծաղկով գարուն կգա»։ «Աեդրեաս երէց» (1897-98) պատմավեաում պատկերված է Ագուլիսի դպրոցի վերակացու Անդրեաս երեցի նահատակությունը՝ հանուն հայրենիքի ն հայադավան եկեղեցու։ «Տիկին Փիլարեանի վիշտը» (1897), «Պսակների բողոքը» (1899), «Հատուկ թղթակիցը» (1902) և այլ պատմվածքներում սուր ծաղրի է ենթարկված կեղծ բարեպաշտությունը։ Մահացել է 1908 թվականի օգոստոսի 30-ին Թիֆլիսում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Եղիազարյան Ա., Աշոտ Երկաթ. թագավոր հայոց, ԵՊՀ հրատ., Երևան, 2016 թ.:
Պարտիզունի Վ., Մուրացան, Երևան, 1955թ.։
Սարինյան Մ, Մուրացան (տիպաբանությունը. Էթիկան, պատմության փիլիսոփայությունը), Երևան, 1976թ.։
Տերտերյան Ա., Մուրացան, Երևան, 1971թ.։
Ստեղծագործություններ
Մուրացան, Գևորգ Մարզպետունի, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1977թ.:
Երկերի ժողովածու, հատոր 1, 2, Երևան, 1961, 1965թ։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am