ՕՏՅԱՆ Երվանդ Խաչիկի. ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 19-ին Կ. Պոլիսում: Գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակագիր։ Օտյան գերդաստանից։ Սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում։

Մամուլում տպագրվել է 1887-ից։ Ա. Փ. Արփիարյանի հրավերով ստանձնել է «Հայրենիք» օրաթերթի օգնական-խմբագրի (1892-95), ապա՝ խմբագրի (1896) պաշտոնը։ Եղել է թուրք, իշխանությունների համար «անբարեհույս անձանց» ցուցակում։ 1896-ի օգոստոսին գաղտնի հեռացել է Կ. Պոլսից։ Երիտթուրքական հեղափոխությունից (1908) հետո վերադարձել է։ Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել է Դեյր Էզ Զոր։ Հրաշքով փրկվելով՝ 1918-ին կրկին վերադարձել է Կ. Պոլիս, 1922-ին տեղափոխվել Բուխարեստ, 1924-ին՝ Տրիպոլի (Լիբանան), 1925-ին՝ Կահիրե։

Հրատարակել է մի շարք երգիծական պարբերականներ (Ալեքսանդրիայում՝ «Ազատ խոսք», 1901-08, «Ազատ բեմ», 1903-06, «Կրակ», 1905, Կ. Պոլսում՝ «Կառափնատ», 1910, «Սև կատու», 1912, «Մանանա», 1913-14, «Իգնատ աղա», 1919-20, «Երգիծական տարեցույց», 1921-22)։

Հայ դասական արձակում նոր և ծանրակշիռ ներդրում են Օտյանի ֆելիետոնները, պամֆլետները, «Յեղափոխութեան մակաբոյծները» (1898-99) շարքի պատմվածքները, «Ճուղուպրիստ եւ ընկ.» (1910), «Պատերազմ եւ խաղաղութիւն» (1911) վիպակները, «Պրոպագանդիստը» (1901) և Եռամաս «Ընկեր Բ. Փանջունի» («Առաքելութիւնը մը ի Ծապլուար», 1911, «Ընկեր Բ. Փանջունի ի Վասպուրական» և «Իմ աշխարհայեացքները», 1914, «Ընկեր Բ. Փանջունի տարագրութեան մէջ», 1923) երգիծավեպերը։ Ծաղրել ու ձաղկել է ազգային այն գործիչներին, ովքեր,Դրվագ <<Ընկեր Փանջունի>> ֆիլմից: հեղափոխականություն խաղալով, ձևանում են հայրենասեր, իսկ իրականում ոտնահարում, արատավորում են սուրբ գաղափարները։

Օտյանը մեծապես նպաստել է հայ սոցիալական երգիծանքի զարգացմանը։ «Վաշխառուն» (1893), «Կաղանդի վիպակ» (1895), «Բարի դահիճը» (1899). «Համբարձում աղա» (1904), «Ոսկեմոլը» (1905) և այլ պատմվածքներում, «Ազգային բարերարը» (1905), «ՄիքԷի սիրարկածը» (1906), «Վաճառականի մը նամակները կամ Կատարեալ մարդ ըլլալու արուեստը» (1914) վիպակներում, «Միջնորդ տէր պապան» (1895-1920), «Գործի մարդիկ» (1900-01), «Ընտանիք, պատիւ, բարոյական» (1910), «Ես դրսեցի չեմ առներ» (1913), «Թաղականին կնիկը» (1915) վեպերում ծաղրի է ենթարկել հասարակության սոցիալ-բարոյական, ընտանեկան, կենցաղ, արատները։

Օտյանի «Ապտիւլ Համիտ եւ Շերլօք Հոլմս» (1911) և «Սալիհա հանըմ կամ Բանակը բռնաւորին դէմ» (1912) պատմաարկածային վեպերը պատկերում են համիդյան բռնատիրության դեմ մղվող պայքարը։ Ճանաչողական և գեղարվեստական արժանիքներ ունեն նաև Օտյանի «թերթոնային» վեպերը և վեպ-ժամանակագրությունները։ Հայապահպանության երաշխիքը համարել է հայրենադարձությունը։

Հեղինակ է նաև զավեշտների, կատակերգությունների, հուշագրությունների, երգիծական դիմանկարների։ Թարգմանել է Լ. Տոլստոյի «Յարութիւն» (1910) և «Աննա Կարենինա» (1911) վեպերը, Է. Զոլայի, Ֆ. Դոստոևսկու, Մ. Գորկու, Մ. Տվենի և այլոց ստեղծագործություններից։ Մահացել է 1926 թվականի հոկտեմբերի 3-ին, Կահիրեում: Թաղված է Մարմինա գերեզմանատանը:

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Մակարյան Ա., Երվանդ Օտյան, Երևան, 1965թ.։

Նույնի, Երվանդ Օտյանի կյանքը և հրապարակախոսական գործունեությունը, Երևան, 1977թ.։

Մանուկյան Ս., Երվանդ Օտյան։ Կյանքը, հրապարակախոսությունը, գեղարվեստական վաստակը, Երևան, 1997թ.։

Ստեղծագործություններ

Օտյան Ե., Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1978թ.:

Օտյան Ե., Թիւ 17 ԽաֆԻէն, ԳԱԹ հրատ., Երևան, 2000թ.:

Երկերի ժողովածու, Երևան, 1935թ.։

Երկերի Ժողովածու, հատոր 1-6, Երևան, 1960-63թ.։

Ընտիր երկեր, Երևան, 1988թ.։

Ընկեր Բ. Փանջունի, Երևան, 1989թ.։

Նամակներ, Երևան, 1999թ.։

Վերնատունէն, Երևան, 1999թ.։

Հայ Տիասբորան, Երևան, 1999թ.։

Անիծեալ տարիներ 1914-1919, անձնական յիշատակներ, Երևան, 2004թ.։

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am