ՊԱԼԱՍԱՆՅԱՆ Ստեփան Հովհաննեսի ծնվել է 1837 թվականին Բոտոշանում (Ռումինիա): Լեզվաբան, պատմաբան, բանասեր, մանկավարժ: Սովորել է Փարիզի Մուրադյան (1852-55), ապա՝ Հայկազյան վարժարաններում: 1858-ին՝ Թեոդոսիայի Խալիբյան վարժարանի ուսուցիչ: 1861-ին մանկավարժներ Ս. Շիլլիկյանի և Հ. Իփեկճյանի հետ Նոր Նախիջևանում հիմնել է դպրոց: 1863-81-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ուսուցիչ: 1869-ին մի խումբ հայ մտավորականների հետ հիմնել է Թիֆլիսի Գայանյան դպրոցը: 1881-ից դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Թղթակցել է «Սասյաց աղավնի», «Կռունկ», «Սեղու Հայաստանի», «Մշակ», «Փորձ» և այլ պարբերականների: Ա.Պ. Այտընյանի «Քերականութեան...» սկզբունքներին հետևելով՝ լույս է ընծայել «Ընդհանուր տեսութիւն արեւելեան նոր գրաւոր լեզուի հայոց» (1870) աշխատությունը, որտեղ առաջինը գիտականորեն ուսումնասիրել է գրական արևելահայերենը: «Քերականութիւն մայրենի լեզուի» (մաս 1-3, 1874) արևելահայերենի առաջին դասագրքում աշխարհաբարի չկանոնակարգված իրողություններից գտել է այնպիսիները, որոնք ընդհանուր դառնալու միտում են ունեցել: Դասագրքում տրվել են խոսքի մասերը, որոշ բառերի ստուգաբանությունն ու քերականական ձևերի կազմությունը: «Պատմութիւն հայոց գրականութեան» (հատոր 1, 1865) աշխատության մեջ անդրադարձել է հայ գրականությանը ժողովրդին մատչելի դարձնելու խնդրին, կարևորել է աշխարհաբարի դերը գրականության մեջ, առաջ քաշել բանահյուսության ուսումնասիրման անհրաժեշտությունը: Պալասանյանի գեղագիտական հայացքների հիմքում արվեստի ռոմանտիկ, ուղղությունն է: «Հանգարան Խորէն Վ. Գալֆաեանի» («Մեղու», 1863, № 6), «Երկու խօսք հայ գրականութեան վերայ» («Մեղու Հայաստանի», 1863, № 1) հոդվածներում քննել է պոեզիայի և դրամատուրգիայի, պոետիկայի և արվեստի տեսության հարցեր: «Պատմութիւն Հայոց» (1890) աշխատության մեջ պատմական անցքերը քննել է դրանց ծագման ու զարգացման համատեքստում: Գիրքն ունեցել է մի քանի հրատարակություն և երկար ժամանակ ծառայել է որպես հայ ժողովրդի պատմության դասագիրք: Նրա երկերում նշանակալի տեղ են գրավում իմացաբանական հարցերը: Պալասանյանին բնորոշ է բնության երևույթների մակերեսային ընկալումից նրանց ներքին բովանդակության մեջ թափանցելու, եզակիի ճանաչումից դեպի ընդհանուրի ճանաչումը գնալու միտումը: Ըստ Պալասանյանի՝ հասարակության զարգացման օրենքը բացարձակ և առավել ընդհանուր սոցիոլոգիական օրենք է:

Պալասանյանը անցյալի օրինակներով ցույց է տվել արտագաղթի կործանարար էությունը, պաշտպանել ճնշված ժողովուրդների ազատասիրական ձգտումները: Շոշափել է նաև մանկավարժական խնդիրներ: Կատարել է թարգմանություններ (Վ. Հյուգո, «Էռնանի», Վ. Լանգլուա, «Ուսումնասիրություն Մովսես Խորենացու Հայոց պատմության աղբյուրների մասին» (հայերեն հրտ.՝ «Մովսէս Խորենացի եւ նրա պատմութիւնը», 1863)]:

Մահացել է 1889 թվականի փետրվարի 19-ին Էջմիածնում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Հարությունյան, Ի., Ստեփանոս Պալասանեան. Թիֆլիս, 1895:

Թովմասյան Ս. Ս., Ստ. Պալասւսնյանի գեղագիտական հայացքները, Ե., 1959: Աբրահամյան Ս. Ս., Պալասանյանը Ս. աշխարհաբարի քերականության իր դասագիրքը, «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», 1974, N 2:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am