ՊԱԼՅԱՆ Տրդատ Սարգսի, Կապետ ծնվել է 1850 թվականին Թալասում (Կեսարիայի մոտ): Բանասեր-մատենագետ, բանահավաք: Հայաստանյայց առաքելական եկեղեցու եպիսկոպոս: Ավարտել է Զմյուռնիայի Ներսեսյան նախավարժարանը: 1884-87-ին՝ Երուսաղեմի Ա. Հակոբյանց վանքի ավագ թարգմանիչ, 1887-1910-ին՝ Կեսարիայի թեմի առաջնորդ: 1888-ին Կեսարիայի Ա. Կարապետ վանքում բացել է ժառանգավորաց վարժարանը, որը գործել է մինչև 1915-ը: Վարժարանին կից հիմնել է գրադարան-թանգարան, որտեղ հավաքել է հին ձեռագրեր, հնատիպեր, հին իրեր: Պալյանը շրջել է Փոքր Ասիայի, Կիլիկիայի, Պաղեստինի հայաբնակ վայրերում, գրի առել ժողովրդական բանահյուսության նմուշներ: 1922-ի սեպտեմբերյան ջարդերի ժամանակ բռնագրավել են Պալյանի անտիպ գործերը, հին ձեռագրերը, գրքերը, իրերը, իսկ ինքը գաղթականության հետ տեղափոխվել է Աթենք: 1900-ական թթ. սկզբներից թղթակցել է «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Բյուզանդիոն», «Լույս», «Բանասեր», «Արևելյան մամուլ» և այլ պարբերականների, որոնցում հրապարակել է բանասիրական հոդվածներ, ձեռագրացուցակներ, մատենագիտական ցանկեր, նյութեր հայ եկեղեցիների մասին: Հայտնաբերել է մի շարք հայ հնատիպ գրքեր, հրապարակել դրանց ցուցակները, կարևոր դեր է կատարել Հակոբ Մեղապարտի հրատարակությունների ժամանակը որոշելու գործում (ՀԱ 1894, № 12, էջ 357-361): Լույս են տեսել Պալյանի «Սուրբ երկիր» (հ. 1, 1892), «Ցու¬ցակ հայերէն ձեռագրաց ի Թորքիա» (հատոր 1, տետր 1, 2, 1892, 1893), «Հայ ա շուղներ, Զմիւռնիա» (հ. 1, 2, 1911,1912) գրքերը:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Գրկ. Ակինյան Ն., Տրդատ եպիսկոպոս Պալեան. ՀԱ, 1923, № 11-12:
Իշխանյան Ռ., Հայ մատենագիտության պատմություն, պր. 2, Ե., 1968:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am