ՓԱՓԱԶՅԱՆ Վրթանես Մեսրոպի, ծնվել է 1864 թվականի ապրիլի 12-ին Վանում: Գրող, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչ, գրաքննադատ, գրականության պատմաբան, ազգագրագետ, խմբագիր, մանկավարժ. թարգմանիչ։ Մ. Հ. Փափազյանի որդին։
1889-ից մամուլում սկսվել է արևմտահայության կյանքն արտացոլող Փափազյանի պատմվածք պատկերների շարքի տպագրությունը, որը հետագայում լույս է տեսել երկու գրքով («Պատկերներ թիւրքահայոց կեանքից», 1891, «Պատմուածքներ թուրքահայերի կեանքից», 1904)։ Այդ գործերում պատկերել է թուրքերի, քրդերի դեմ արևմտահայության պայքարի ողբերգ, դրվագներ, ստեղծել անվեհեր անհատների կերպարներ («Խերան», «Կայծակ», «Թեթև հաճույքներ», «Մեռնողները բարևում են ձեզ» և այլն)։ «Էմմա» (1895, հրտ.՝ 1901) վեպում և «Հաջի բեկ» (1906) վիպակում Փափազյանը քննադատել է ազգային կուսակցություններին:
Ազգային կյանքի զանազան խնդիրներ արծարծելուց բացի, Փափազյանը ուշադրությունը սևեռել է նաև «հանրամարդկային վշտերի» վրա, հայ ժողովրդի սոցիալ-քաղաքական ծանր վիճակը դիտել որպես համամարդկային մեծ անարդարությունների բաղկացուցիչ մաս։ Այդ գաղափարը նա մարմնավորել է այլաբանական զրույցներում։ «Մարդագայլը» (1891) զրույցում ուտոպիզմի դիրքերից պաշտպանել է մարդկանց աշխատանքային, նյութական, իրավական հավասարության գաղափարը («Լուր դա լուր», 1894, «Կլոր աստուածներ», 1898)։
20-րդ դարի սկզբին հանգել է դասակարգային պայքարի գաղափարին («Վիշապ», 1903)։ Հրապարակախոսական հոդվածներում և գեղագիտական գործերում («Անտառը շարժւում է», 1905, «Զարթնել Է առիւծը», 1905, «Ծով», 1909) պատկերել է բռնակալության դեմ ոտքի ելած ժողովրդական զանգվածների ուժն ու վճռականությունը։
Փափազյանը մեծ դեր է կատարել հայ դրամատուրգիայի զարգացման գործում։ Իր դրամաներում («Արշալոյս», 1905, «Հոսանք», 1902, հրատ.՝ 1905, «Ժայռ», 1907, «Այծեմնիկ», 1915, հրտ.՝ 1959, «Հայրենիքի համար», 1916, հրատ.՝ 1959) պատմական և արդիական նյութի հիման վրա առաջ է քաշել ազգային-ազատագրական և ազատախոհական գաղափարներ։ Անդրադարձել է տարբեր ժողովուրդների բանահյուսությանը, պատմությանը։ «Հայ բոշաներ» (1899) ազգագրական ուսումնասիրության համար ընտրվել է Մոսկվայի կայսեր, ազգագրական ընկերության անդամ (1900)։ Հանդես է եկել հայկական, ռուսական և համաշխարհային գրականությանը նվիրված քննադատական հոդվածներով, պաշտպանել ռեալիզմի սկզբունքները։ Նա առաջինն է ստեղծել հայ գրականության ամբողջական պատմությունը («Պատմութիւն հայոց գրականութեան այթ սկզբից մինչեւ մեր օրերը», 1910)։ Հայերեն է թարգմանել Մ. Սալտիկով-Շչեդրինի, Լ. Տոլստոյի, Ա. Դոդեի, Ֆ. Նիցշեի և այլոց ստեղծագործություններից։ Գրել է աշխատություններ՝ նվիրված ընդհանուր քաղաքակրթությանը, արվեստներին, գրական ուղղությունների պամությանը, լեզվաբանությանը։ Ազատախոհ գաղափարներ քարոզելու համար Փափազյանը հետապնդվել է ռուսական կառավարության կողմից, իսկ ագգային-ազատագրական հայացքների համար Թուրքիայում նրա նկատմամբ հեռակա մահվան վճիռ է կայացվել։ Վ. Փափազյանը մահացել է 1926 թվականի ապրիլի 26-ին Երևանում:
Երևանում և հանրապետության այլ քաղաքներում Փափազյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոց։
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Օհանյան Ա Կ , Վրթանես Փափազյան. Երևան, 1976թ.։
Ստեղծագործություններ
Փափազյան Վ. Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1987թ.:
Ընտիր երկեր, գիրք 1-2, Երևան, 1939, 1940թ.։
Երկ.երի ժողովածու, հատոր 1-5, Երևան, 1958-1959թթ.։
Երկերի ժողովածու, հատոր 1-3, Երևան, 1972-1973թթ.։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am