ՊԱՐՈՆՅԱՆ Հակոբ Հովհաննեսի, ծնվել է 1843 թվականի նոյեմբերի 19-ին Ադրիանապոլիսում: Գրող-երգիծաբան, հրապարակախոս, լրագրող։ Սովորել է Ադրիանապոլսի Արշակունյան վարժարանում։ 1863-ին տեղափոխվել է Կ. Պոլիս, զբաղվել գրական-լրագրողական աշխատանքով։ Աշխատակցել է «Փող առավոտյան», «Եփրատ» (1871-ից՝ խմբագիր) պարբերականներին. 1872-ից՝ «Մեղու» հանդեսի խմբագիր։ Զբաղվել է նաև ուսուցչությամբ։ Գրական ասպարեզ է իջել «Երկու տերով ծառայ մը» (1865, հրտ.՝ 1911) և «Ատամնաբոյժն արեւելեան (1868) կատակերգություններով։ «Մեղու», «Թատրոն», «Փորձ», «Մասիս» պարբերականներում լույս են տեսել Պարոնյանի երգիծ-հրապարակախոսական հոդվածները, զրույցները, որոնք նվիրված էին 19-րդ դարի հայ ազգային հասարակական կյանքին, ընտանեկան կենցաղին ու բարքերին, լրագրությանը, թատրոնին («Ասկե, անկե», «Ալաֆրանկա», «Թղթակցությունք թատրոնի», «Գուշակությունք թատրոնի», «Ազգային օրագրությունք», «Կսմիթներ», «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ», «Հոսհոսի ձեռատետրը»)։ 1886-87-ին «Խիկար» երգիծական ամսագրում լույս են տեսել «Պաղտասար աղբար», «Քաղաքավարութեան վնասները» և «Խօսակցութիւնք մեռելոց» երկերը։ Վերջինում անդրադարձել է կյանքից օտարված ճշմարտություն, խիղճ, գութ, մարդասիրություն երևույթներին։ «Քաղաքավարության վնասների» հերոսները օտարամոլության, խաբեության զոհեր են՝ զրկված անհատականությունից ու կամքից, բռնադատված քաղաքավարության սնամեջ օրենքներով։ Հայ դասական թատերգության բարձրագույն նվաճումներից է «Պաղտասար աղբար» կատակերգությունը, որն առանձնանում է բախումների սրամիտ լուծումներով, խոսքի և դրության ընդգծված կոմիզմով։ 1886-ին պրակներով (առանձին գրքով՝ 1887-ին) լույս է տեսել «Մեծապատիւ մուրացկանները», որի հերոսները գավառացի, տգետ, մեծահարուստ Աբիսողոմ աղային քծնող, սոցիալ-հասարակական պայմանների բերումով հոգևոր սնանկության գիրկն ընկած հայ մտավորականության ներկայացուցիչներն են։ Պարոնյանը հանդես է եկել նաև արվեստի (թատրոն, երաժշտություն) և գրականության հարցերին նվիրված քննադատական հոդվածներով։ Մահացել է 1891 թվականի մայիսի 27-ին Կ. Պոլսում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Ստեփանյան Գ., Հակոբ Պարոնյան։ Կյանքը և. հրապարակախոսությունը, Երևան, 1964թ.։
Մանուկյան Ա., Հակոբ Պարոնյան, Երևան, 1964թ.։
Հակոբ Պարոնյանը ժամանակակիցների հուշերում և վկայություններում, Երևան, 2004թ.։
Ստեղծագործություններ
Երկերի ժողովածու, հատոր 1-10, Երևան, 1962-1979թթ.։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am