ՊԱՐՍԱՄՅԱՆ Մկրտիչ Ասատուրի ծնվել է 1886 թվականի մարտի 7-ին Ապուչեխ գյուղում (Ակն քաղաքի մոտ): Արձակագիր, գրականագետ, խմբագիր, մանկավարժ: Մերուժան Պարսամյանի եղբայրը: Սովորել է Ապուչեխի, ապա՝ Մեզիրեի Կեդրոնական (1897-99), Կարինի Սանասարյան վարժարաններում: Որպես ուսուցիչ կամ տնօրեն՝ պաշտոնավարել է Մեզիրեի, Կարինի, Տրապիզոնի, Կոնիայի և Սամաթիայի վարժարաններում: 1922-ին մեկնել է Փարիզ: Եղբոր հետ խմբագրել է «Կյանք և արվեստ» (1931-40, տարեգիրք, ապա՝ ամսագիր) պարբերականը: Պարսամյանի արձակ ստեղծագործություններն ամփոփված են «Արիւնի տօնը» (1912) և «Մեռնող գիւղին պատմութիւնը» [ա.թ.] ժողովածուներում: «Արեւմտահայ բանաստեղծներ» (1937) և այլ մենագրություններում անդրադարձել է Մ. Մեծարենցի, Մ. Զարիֆյանի, Վ. Թեքեյանի, Րաֆֆու, Ե. Տեմիրճիպաշյանի, Գ. Զոհրապի, Ռ. Զարդարյանի և ուրիշների կյանքին ու ստեղծագործություններին: Սփյուռքահայ դպրոցների համար կազմել է դասագրքեր, հրատարակել «Արարատ նոր Երգարանը», որտեղ զետեղել է նաև հայ նշանավոր Երգահանների կենսագրականները: Աշխատասիրել և խմբագրել է «Ակն եւ ակնցիք» (1952) գիրքը: «Նահատակ գրագետներու բարեկամներ» (1929, Փարիզ, 1939-ից՝ «Հայ գրագետներու բարեկամներ») հրատարակչատան հիմնադիրներից:

Մահացել է 1966 թվականին Փարիզում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am