ՊԱՏԿԱՆՅԱՆ Գաբրիել Սերովբեի ծնվել է 1802 թվականին Թիֆլիսում: Գրող, մանկավարժ, հասարակական գործիչ: Ա. Պ. Պատկանյանի որդին, Մ. Ա. Պատկանյանի եղբայրը, Ռ. Գ. Պատկանյանի հայրը: 1805-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Աստրախան: Սովորել է հոր հիմնադրած Աղաբաբյան դպրոցում, ապա՝ ռուս, hnգևոր սեմինարիայում: 1818-ին թարգմանել է Դիոդորոս Սիկիլիացու «Պատմութիւն Մեծին Աղեքսանդրի Մակեդոնացւոյ» գիրքը (հրտ.՝ 1827), գրել «Համառօտ վարդապետութիւն ուղղափառութեան» (1821) աշխատությունը: 1826-ին տեղափոխվել է Նոր Նախիջևան, դասավանդել քաղաքային վարժարանում. ծավալել հասարակական գործունեություն: 1827-ին՝ Աստրախանի հոգևոր կոնսիստորիայի ատենադպիր և հոգևոր դպրոցի ուսուցիչ, ձեռնադրվել է քահանա: 1836-ին Նոր Նախիջևանում բացել է մասնավոր վարժարան, որտեղ նրան աշակերտել են Մ. Ղ. Նալբանդյանը, Ռ. Պատկանյանը: 1847-ին տեղափոխվել է Թիֆլիս, նշանակվել Նորաշեն եկեղեցու վանահայր, 1850-ին՝ Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնակատար, միաժամանակ հրատարակել է «Արարատ» շաբաթաթերթը: 1852-ին Նոր Նախիջևանի քաղաքագլուխ Հ. Խալիբյանի դեմ կազմակերպված մահափորձին մասնակցելու ամբաստանությամբ 7 տարի բանտարկվել է Ռոստովում: 1860-ին ազատվելով՝ կարգազուրկ է արվել, 1861-ին ցմահ աքսորվել Վյատկա: 1862-ին փոխադրվել Է Կոստրոմա, մեկ տարի հետո՝ Ս. Պետերբուրգ, զբաղվել ուսուցչությամբ և գրական աշխատանքով: Պատկանյանը կազմել է դասագրքեր, բառարաններ, օրացույցներ, գրել տոմարագիտական ու կրոնական աշխատություններ: Կարևորել է աշխարհաբարի դերը, անդրադարձել հայ ժողովրդի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների: Պատկանյանի «Գողթան երգեր» շարքի «Հարսանիք Արտաշեսի և Սաթինկա», «Հուլունսն Շամիրամա», «Արի արքայն արքայից», «Վահագն» և այլ բանաստեղծություններ դարձել են ժամանակի սիրված երգերից: «Օրորոցի երգ գյուղական այրի կնոջ», «Գեղեցիկ Նախիջևան», «Քրտնաջան այգեպան», «Իշխան անխելք և հիմար», «Առ հայրենիս», «Փունջ հայոց պատմության» բանաստեղծություններում Պատկանյանը ազատագրական պայքարի կոչ է արել:

«Շաւարշ Երկրորդ կամ Նորոգեալ Հայաստան» (1864), «Անուշաւան» (1875), «Հռիփսիմէ կամ Փրկույծիւն Հայաստանի» (1875), «Պարոյր կամ Առումն Նինուէի...» (1876), «Զաւան եւ Փառնակ Ա» (1877) և այլ գործերում անցյալի հերոս. կերպարներով ոգեշնչել է երիտասարդ սերնդին, արթնացրել նրա ազգային ինքնագիտակցությունը: Գրել է նաև պատմական («Հայոց ազգի պատմութիւնը», 1863, «Միջնավէպք հայոց ազգի պատմութիւնից», 1863), գրական («Հիշատակարան», անտիպ, ԳԱԹ) աշխատություններ:
Մահացել է 1889 թվականի ապրիլի 14-ին Ս. Պետերբուրգում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Շահազիզ Ե.. Տէր-Գաբրիել Պատկանեանց. Թ., 1910: 

Նազարյան Շ.. Գաբրիել Պատկանյանի կյանքն ու զրական-հասարակական գործունեությունը (1830-60-ական թթ), Ե., 1956: 

Սադյան Մ., Պատկանյաններ, Ե.. 1982:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am