ՊԱՏԿԱՆՅԱՆ (Պատկանով) Քերովբե Պետրոսի ծնվել է 1833 թվականի մայսիսի 4 (16)-ին Նոր Նախիջևանում (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում): Արևելագետ, աղբյուրագետ, բանասեր, պատմաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1864), Ս.Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր (1871), ՌԳԱ թղթակից անդամ (1885): Հ. Մ. Ալամդարյանի թոռը (մոր կողմից): Սկգբնական կրթությունն ստացել է Ստավրոպոլի հայկական դպրոցում: Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1849), Ս. Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը (1858): 1861-ից գլխավորել է Ս. Պետերբուրգի համալսարանի արլևելյան լեզուների ամբիոնը, ձևավորել հայագիտության պետերբուրգյան դպրոցը: 1872-ից վարել է նաև Ս. Պետերբուրգի գրաքննչական ատյանի հայկական հրատարակությունների գրաքննիչի պաշտոնը:

Մանկավարժական գործունեությանը զուգընթաց Պատկանյանը ուսումնասիրել և հրատարակել է հայ միջնադարյան մի շարք պատմագիրների երկեր: Ռուսերեն թարգմանել և հրատարակել է Մովսես Կաղանկատվացու (1861), Սեբեոսի (1862), Ղևոնդ Երեցի (1862), Մխիթար Այրիվանեցու (1869), Գիլանենցի (1870), Մաղաքիա Աբեղայի (1871), Թովմա Արծրունու (1887) Երկերը, «Աշխարհացոյցը» (1877, հայերեն բնագրով հանդերձ): Հավաքել, ռուսերեն թարգմանել և հրատարակել է «Մոնղոլների պատմությունն ըստ հայկական աղբյուրների» (հատոր 1, 2, 1873, 1874): «Սասանյան արքայատան պատմության փորձ ըստ հայ պատմիչների հաղորդած տեղեկությունների» (ռուսերեն, 1863), «Դեպի Հնդկաստանի ափերը Թգլատպալասարի կարծեցյալ արշավանքի մասին» (ռուսերեն, 1879) և այլ աշխատություններում Պատկանյանը ճշգրտել է Մերձավոր Արևելքի ժողովուրդների հին և միջնադարյան պատմության մի շարք սկզբունքային հարցեր: «Մի քանի խոսք հին հայկական ամսանունների մասին» (ռուսերեն, 1871) աշխատությամբ կարևորել է հին հայկական օրացույցը: Զբաղվել է Հայաստանում հայտնաբերված սեպաձև արձանագրությունների վերծանմամբ ու մեկնաբանմամբ, սեպագրերում պահպանված մի շարք տեղանունների ու ցեղանունների պարզաբանումով: Նրա «Վանի արձանագրությունները և դրանց նշանակությունը Առաջավոր Ասիայի պատմության համար» (ռուսերեն, 1881), «Ռուսաստանի սահմաններում հայտնաբերված Վանի համակարգի սեպաձև արձանագրությունների մասին» (ռուսերեն, 1882- 1883) և այլ աշխատություններ կարևոր ներդրում են Հայաստանի հնագույն ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրման գործում:

«Հետազոտություն հայոց լեզվի կազմության մասին» (ռուսերեն, 1864) դոկտորական ատենախոսությունում Պատկանյանը բնութագրել է հայոց լեզվի դերը, անդրադարձել հին հայերենի ծագման, զարգացման և մի շարք այլ հարցերի: Արժեքավոր է Պատկանյանի «Հետազոտություն հայոց լեզվի բարբառների մասին» (ռուսերեն, 1869) աշխատությունը, որի համար հայագետ Հ. Տաշյանը նրան անվանել է «հայ բարբառագիտության հայր»: Իր այդ գրքում Պատկանյանը զետեղել է Մշո, Խոյի, Ագուլիսի, Ջուղայի, Արցախի բարբառներով գրի առնված պատմվածքներ, հեքիաթներ, զրույցներ: Պատկանյանի «Հայոց լեզվի զբաղեցրած տեղը հնդեվրոպական լեզուների շրջանում» (ռուսերեն, 1879) աշխատությունը նոր քայլ էր հնդեվրոպական լեզուների համակարգում հայերենի տեղի հարցը լուսաբանելու ուղղությամբ: Նա արժեքավոր աշխատություններ է գրել նաև միջնադարյան հայ մատենագրության մասին («Ցուցակ հայ գրականության, 14-րդ դարից մինչև 17-րդ դարի կեսը», ֆրանսերեն, 1860, «Հայոց պատմական գրականության մատենագիտական ակնարկ», ռուսերեն, 1880, «Նշխարք մատենագրության հայոց», 1884): Մի շարք հոդվածներում պայքարել է հայոց լեզվի անաղարտության համար, ծաղրել է նաև անհարկի մաքրամոլությունը: Ունի նաև անտիպ աշխատություններ:

Բազմիցս ընտրվել է միջազգային զանազան գիտական  ընկերությունների անդամ:

Ք. Պատկանյանը մահացել է 1889 թվականի ապրիլի  2(14)-ին  Ս. Պետերբուրգում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Веселовский НИ.. К.П. Патканов (биографический очерк), СПб, 1890; 

Марр Н. Я., К. П. Патканов, в кн.: Биографический словарь профессоров и преподавателей С. Петербургского университета, т.2. СПб. 1898. с. 89 — 97; 

Русский биографический словарь, т. 13, СПб. 1902; 

Акопян Э.А.. Керопэ Патканян. Е . 1975.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am