ՊԱՏԿԱՆՅԱՆ Ռափայել Գաբրիելի. ծնվել է 1830 թվականի նոյեմբերի 8(20)-ին Նոր Նախիջևանում (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում): Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Գ. Ս. Պատկանյանի որդին: Սովորել է հոր հիմնադրած դպրոցում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1843-49): 1863-64-ին՝ «Հյուսիս» (Ս. Պետերբուրգ) շաբաթաթերթի խմբագիր: 1850-51-ին «Արարատ» (Թիֆլիս) շաբաթաթերթում տպագրել է «Պանդուխտ հայ ի Փարէզ», «Զարմայր նահապետի մահը» պոեմները, «Առաւօտեան երգ շինականաց», «Երեկոեան երգ շինականաց» բանաստեղծությունները: Առաջին պոեմում հայ պետականության վերջին ներկայացուցիչ Լևոն Vl-ի կերպարն է, որի միջոցով Պատկանյանը արծարծել է ագգային ինքնագիտակցության գաղափարը: Երկրորդ պոեմում, որը ներկայացնում է անտիկ շրջանի պատմության մի դրվագ, հեղինակն անդրադառնում է հայրենիքի անկախության գաղափարին: Պատկանյանը հայ քաղաքացիական պոեզիայի հիմնադիրներից է: 1851-ին ընդունվել է ՄՊՀ բժշկական ֆակուլտետը: Մտերմանալով պատմության ֆակուլտետի ուսանողներ Գ. Քանանյանի և Մ. Թիմուրյանի հետ՝ հիմնել է «Օամառ Քաթիպա» գրական ընկերությունը (անունը կազմվել է հիմնադիրների անուն-ազգանունների սկզբնատառերից և առաջին վանկերից, հետագայում Պատկանյանը այն դարձրել է իր կեղծանունը): 1854-ին ընդունվել է Ս. Պետերբուրգի համալսարանի արլևելագիտության ֆակուլտետը: 1855-ին լույս է տեսել «Գամառ Քաթիպայի» առաջին պրակը՝ «Գրէ այնպէս, ինչպէս որ խօսում են, խօսէ այնպէս, ինչպէս որ գրում են» բնաբանով: Պատկանյանը իր բանաստեղծություններում («Արաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոնեանի մահը», երկուսն էլ՝ 1856) ձգտել է խոսքին տալ ժողովրդին հարա¬զատ, կենդանի, կենսունակ արտահայտություն: 1859-ին Պատկանյանը դարձել է Մ. Բուդաղյանի Ս. Պետերբուրգում հիմնադրած «Մանուկ Հայաստանի» խմբակցության անդամ, որի նպատակն էր Հայաստանի ազատագրումը: 1857-62-ին գրել է «Պատմութիւն Մեծին Պետրոսի...», «Նապոլէոն Բոնապարտ», «Մարտին Լիւթեր» (անտիպ) աշխատությունները, որոնց միջոցով ցանկացել է ոգեշնչել հայ ժողովրդին, «Դեւ Մրուս», «Քեոռ Օղլի» պոեմները, որտեղ մարմնավորել է անկախության համար պայքարող հայ մարտիկների: 1863-64-ին «Հյուսիս» շաբաթաթերթում տպագրել է բանաստեղծություններ՝ նվիրված Զեյթունի հերոսամարտին: 1866-ին մեկնել է Նոր Նախիջևան, ուսումնակրթական աշխատանքներին զուգընթաց ստեղծել է ազատաբաղձ գաղափարներով տոգորված, Նոր Նախիջևանի բարբառով գրված «Չախու», «Պաց ազպար», «Տիրացինս» (1875), «Կիզզատէ» պատմվածքները, «Նոր Նախիջեւանի քնար» (1878) ժողովածուն:
Մահացել է 1892 թվականի օգոստոսի 26-ին Նոր Նախիջևանում:
Գրականության ցանկ
Պատկանյան Ռ., Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1980 թ.:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Ընտիր երկասիրութիւններ, հ. 1-3, ՍՊբ, 1893-1904:
Երկ ժող , հ. 1-8, Ե., 1963-74: Երկ , Ե, 1980:
Գրկ. Մուրադյան Հ., Ռաֆայել Պատկանյան. Ե., 1956:
Սիմոնյան Ռ., Ռափայել Պատկանյան: Գեղարվեստական արձակը, Ե., 1956:
Սաղյան Մ., Ռափայել Պատկանյան կյանքը և գործը, Ե., 1980:
Նույնի, Պատկանյաններ, Ե., 1982:
Օհանյան Ա., Ռափայել Պատկանյանի հրապարակախոսությունը. Ե., 1981:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am