ՊԱՏԿԱՆՅԱՆ Սերովբե Պետրոսի ծնվել է 1769 թվականի մարտի 12-ին Կ. Պոլիսում:  Մանկավարժ, բանաստեղծ: Մ. Ռեստենի եղբայրը: Գ. Ա. Պատկանյանի և Մ. Ա. Պատկանյանի հայրը: Սովորել է Կ. Պոլսի Մասխալաճի Հարությունի երաժշտական, Բերայի թաղային, 1783-ից՝ Վենետիկի Մխիթարյանների, 1788-ից՝ Տրիեստի Ա. Մարտինի դպրոցներում: 1792-ին վերադարձել է Կ. Պոլիս, Բերայում բացել երաժշտական դպրոց, զուգահեռ դասավանդել հայոց լեզու, պատմություն, իտալերեն: Անհիմն ամբաստանվելով որպես անգլիական լրտես՝ Պատկանյանը 1793-ին փախել է Թիֆլիս: 1794-ին Վրաց Հերակլ II թագավորի աջակցությամբ այստեղ հիմնել է հայկական առաջին դպրոցը (գործել է մինչև 1805-ը), նույն տարում դպրոց է բացել Նոր Նախիջևանում, 1810-22-ին պաշտոնավարել է Աստրախանի Աղաբաբյան դպրոցում, ամենուր կիրառել է մանկավարժական առաջադիմական գաղափարներ և մեթոդներ: 1796-ին (հավանորեն Հերակլ արքայի պատվերով) Պատկանյանը գրել է «Համառօտ պատմութիւն աւէրեցման Փայտակարան մայրաքաղաքի ի խանէն աղայ Մահմուդի ի 1795 եւ ի 11 սեպտեմբերի» (հրտ.՝ 1910) աշխատությունը, որը պատմական արժեքավոր փաստաթուղթ է՝ շարադրված ականատեսի կողմից: Գրել է նաև կրոնական բովանդակությամբ բանաստեղծություններ («Նուագ ի ծնունդն Քրիստոսի», «Նուագ առ ամենաերանեալ կոյսն»), որոնք երգվել են: 1801-15-ի բանաստեղծություններում կրոնական բովանդակությանը փոխարինել է կյանքի և պատմական իրադարձությունների նկարագրությունը՝ «Սարսեցուցիչն զօրաց Երկնից», «Առ Եփրեմ կաթողիկոսն», «Ւ յաղթանակ Ցիցիանովի», «Ի մահ Ջաւադ խա-նի», «Ի հնգեկի հարուածոն Տփխիսայ» և այլն, որոնք մի նոր աստիճանի բարձրացրին 18-րդ դարի ծնունդ առած ագգային-քաղաքական բանաստեղծությունը:

Մահացել է 1836 թվականին Աստրախանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Երգք, Մ., 1857:

Գրկ. Սադյան Մ.. Պատկանյաններ, Ե., 1982:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am