ՊԱՐԶՅԱՆ (Պարզյանց) Սուքիաս ծնվել է 1837 թվականի դեկտեմբերի 10(22)-ին Աստապատում (Նախճավանի գավառ): Բանասեր, մանակավարժ, եկեղեցական, հասարակական գործիչ: Ավարտել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը (1856): 1869-ից՝ վարդապետ, 1875-ից՝ եպիսկոպոս, 1893-ից՝ արքեպիսկոպոս: 1888-91-ին՝ Սինոդի անդամ, 1869-72-ին՝ Ախալցխայի, 1872-74-ին և 1875-77-ին՝ Ալեքսանդրապոլի, 1881-83-ին՝ Նոր Նախիջևանի, 1883-86-ին՝ Աստրախանի, 1888-90-ին և 1899-1903-ին՝ Երևանի, 1893-1895-ին՝ Ատրպատականի հայոց հոգևոր առաջնորդ: 1860-63-ին՝ Էջմիածնի ժառանգավորաց դպրոցի, 1874-75-ին՝ Գևորգյան ճեմարանի ուսուցիչ, 1895-99-ին՝ տեսուչ, 1897-99-ին՝ «Արարատ» ամսագրի խմբագրապետ: Պարզյանը կողմնակից է եղել հայ դպրոցական կյանքի բարենորոգմանը, պայքարել է հայ եկեղեցու ներքին գործերին միջամտելու, եկեղեցական գույքի բռնագրավման, հայկական դպրոցները փակելու ռուսական իշխանությունների քաղաքականության դեմ: Հակակառավարական ելույթների համար աքսորվել է Օրյոլ (1891-93) և Օրենբուրգ (1903-05): Պարզյանի նյութական օժանդակությամբ իրականացվել են «Պատմագիրք Հայոց» մատենաշարի հատորների [Ղազար Փարպեցի (1904), Ագաթանգեղոս (1909), Մովսէս Խորենացի (1913)], Ս. Ամատունու «Հին և նոր պարականոն ու անվաւեր շարականներ» (1911) ուսումնասիրության, Գրիգոր Կամախեցու «Ժամանակագրութիւն» գրքի, Մ. Օրմանյանի մի շարք երկասիրությունների տպագրությունը, Էջմիածնի տպարանի շինարարությունը և այլն: Խոշոր գումար է կտակել հայ հին մատենագիրների երկերի (շուրջ 40) քննահամեմատական բնագրերը հրատարակելու համար (ծրագիրն իրագործվել է մասամբ): Հայոց եկեղեցու պատմության հարցերին նվիրված աշխատությունները կարևոր սկզբնաղբյուրներ են նաև 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ հասարակական կյանքի, դպրոց, գործի ուսումնասիրման համար:

Մահացել է 1914 թվականի սեպտեմբերի 12(25)-ին Վաղարշապատում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Ճանապարհորդական տպաւորութիւունք եւ համառօտ նկարագիր դէպքերի վերշին կաթողիկոսական ընտրութեան ժամանակ, Ե., 1907: 

Պատուիրակութիւն Սուքիաս Եպիսկոպոսի ի ՊԵտԵրբուրգ. Հոգեւոր դպրոցների մասին. Վաղարշապատ, 1907:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am