ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ Մկրտիչ Ռափայելի ծնվել է 1828 թվականին Կ. Պոլիսում: Բանաստեղծ, մանկավարժ, թատերական գործիչ: Սովորել է Կ. Պոլսի Բերայի Մխիթարյան դպրոցում (1834-39), Պադուայի Սամուել Մուրատյան վարժարանում (1839-45): 1845-ի վերջին վերադառնալով Կ. Պոլիս՝ ծավալել է մանկավարժական-հասարակական գործունեություն: Հայոց լեզու, գրականություն և ֆրանսերեն է դասավանդել Թարգմանչաց, Լուսավորչյան և Հռիփսիմյանց վարժարաններում: 1846-ին Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Համազգյաց ընկերությունը»:
Պեշիկթաշլյանը համարվում է արևմտահայ կանոնավոր մշտական թատրոնի հիմնադիրը: 1856-ի նոյեմբերին Օրթագյուղի Լուսավորչյան վարժարանի սրահում առաջին ներկայացումն է տվել նրա կազմակերպած թատերախումբը: Պեշիկթաշլյանը պատմական ողբերգությունները («Կոռնակ», «Արշակ», «Վահան», «Վահե») գրել է աշխարհաբար, և չնայած կլասիցիստական տարրերի առկայությանը՝ ռոմանտիկական են՝ տոգորված ազգ-ազատագրական պայքարի, ազատաբաղձության ոգով: Պեշիկթաշլյանը նպաստել է պատմական դրամայի զարգացմանը: Գրել է նաև «Կատակերգութիւն աւազակաց» (1909) և «Կա-տակերգութիւն երից քաջաց» մեկ գործողությամբ երաժշտական կատակերգությունները:
Պեշիկթաշլյանը էական դեր է կատարել Ազգային սահմանադրության (1860) ստեղծման գործում: Աջակցել է «Բարեգործական ընկերություն հայոց»-ի ստեղծմանը (1860): Մասնակցել է «Անձնվեր ընկերության» (1860-63, ունեցել է կրթական-լուսավորական նպատակներ) աշխատանքներին, աջակցել Տ. Գ. Չուխաճյանին և Գ. Օ. Երաևյանին ՝ «Քնար հայկական» վեցամսյա հանդեսը խմբագրելու գործում: Պեշիկթաշլյանի պոեզիան բովանդակությամբ, թեմատիկայով և ժանրային բնույթով բազմազան է. գրել է սիրային, բնության, օրորոցային, հայրենասիրական, մանկական բանաստեղծություններ, եղերերգեր: Առաջին բանաստեղծությունը («Զբօսանք Արտաշէսի Առաջնոյ») տպագրվել է 1849-ին՝ «Բազմավեպում»: 1840-ական թթ. երկրորդ կեսին գրած բանաստեղծություններում («Հրաւէր ի մարտ Խոսրովու Մեծի», «Ի նահատակութիւն Վարդանանց», «Դիւցազունք հայոց», «Գիշեր», «Առ Հ. Ղեւոնդ Ալիշան») հիմնականում գերիշխում է պատմահայրենասիրության թեման: 1850- 1860-ական թթ. բանաստեղծությունները, հատկապես «Եղբայր եմք մեքը» և «Գարունը» (երկուսն էլ վերածվել են երգի) հեղինակի քաղաքական իդեալի գեղագիտական պատկերումն են: Պեշիկթաշլյանի զեյթունյան Երգաշարը («Հայ քաջորդի», «Մահ քաջորդվույն», «Թաղումն քաջորդվույն», «Հայ քաջուհին») Զեյթունի հերոսամարտի գեղագիտական իմաստավորումն ու տարեգրությունն Է: 1863-68-ին գրած բանաստեղծությունները («Առ գզեփիւռն Ալեմտաղիի», «Ճեմք ի լեառն Հսկային», «Գնացէք իմ տաղք», «Աշուն», «Քնար կուսին», «Քնար եւ շիրիմ») հայ նոր քնարերգության դասական նմուշներ են: Պեշիկթաշլյանը կատարելության է հասցրել հայկական ռոմանտիկական բանաստեղծությունը և նախանշել գալիք հայկական գրական դպրոցները: Հանդես է եկել նաև Հրանտ կեղծանունով:
Մահացել է 1868 թվականի նոյեմբերի 29-ին Կ. Պոլիս:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. ԵԼԺ, Ե., 1987: Մատենագրութիւնք, ԿՊ, 1870:
Տաղեր, Թ., 1903:
Տաղք եւ թատերգութիւնք. Նյու Յորք, 1917:
Տաղեր, Ե., 1947:
Գրկ. Չոպանյան Ս., Մկրտիչ Պեշիկթաշլեանի կեանքը եւ գործը. Փարիզ, 1907: Պիպեռճյան Մ., Յուշարձան Մկրտիչ Պեշիկթաշլեանի, ԿՊ, 1914:
Սաֆարյան Վ., Մկրտիչ Պեշիկթաշլյան, Ե., 1972:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am