ԴՈՒՐՅԱՆ (Զըմպայան) Պետրոս Աբրահամի. ծնվել է 1851 թվականի հունիսի 1-ին (մայիսի 20-ին) Կ. Պոլիսի Սկյուտար թաղամասում: Բանաստեղծ, դրամատուրգ։ Ե. Ա. Դուրյանի եղբայրը։ Ավարտել է Սկյուտարի ճեմարանը (1867)։ Դուրյանը գրել է «Տարագիր ի Սիպերիայ» այլաբանական ողբերգությունը, «Վարդ եւ Շուշան կամ Հովիւք Մասեաց» (1867) մելոդրաման, «Սեւ հողեր կամ Յետին գիշեր Արարատեան» (1868), «Արտաշէս աշխարհակալ» (1869) , «Անկումն Արշակունի հարստութեան» (1870) «Ասպատակութիւնք պարսկաց ի Հայս կամ Աւերումն Անի մայրաքաղաքին Բագրատունեաց» (1870) պատմական ողբերգությունները։
«Թատրոն կամ Թշուառներ» (1871) դրամայում Գ. Սունդուկյանից և Հ. Պարոնյանից անկախ՝ հանգել է արդիական թեմայի անհրաժեշտության գաղափարին։ Դուրյանը հայ գրականության մեջ ստեղծել է ռոմանտիկ դրամային բնորոշ նմուշներ։ Նրա դրամաները (բացառությամբ «Տարագիր ի Սիպերիայի» և «Թատրոն կամ Թշուառների») բեմադրվել են «Թատրոն Օսմանիեում»։ Դուրյանից մեզ է հասել 39 բանաստեղծություն, որոնցից 26-ը գրված է 1871-ին։
«Վիշտ հայուն», «Իղձք առ Հայաստան» հայրենասիրական երգերում նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը՝ փրկության ելքը համարում է լուսավորությունն ու միաբանությունը, կոչ անում դիմել ինքնապաշտպանության («Նոր սև օրեր»)։ Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին խոշոր սիրերգակն է։ «Պետք է մեռնիլ», «Սիրեցի քեզ» տաղերում բանաստեղծի համար էականը մարդու հոգևոր աշխարհն է, նրա ապրումները, հույզերը։ Դուրյանի ընկալմամբ բնության և կանացի գեղեցկությունը փոխներշնչվող է («Նե», «Ձնե պաշտեմ», «Մանիշակ», «Ներա հետ»)։
Նա մերժված սիրո երգիչ է («Հծծյունք», «Սիրել», «Դրժել»)։ «Լճակ», «Ինչ կըսեն» բանաստեղծություններում դատապարտել է անտարբեր միջավայրը։ Մահվան ու գերեզմանի գաղափարները նրա ստեղծագործության մեջ հանդես են գալիս որպես տառապող մարդու բողոքի արտահայտություն («Հեծեծմունք»), որը ողբերգական ավարտ է ունենում («Տրտունջք»)։ Մարդու և կյանքի նկատմամբ ունեցած սերն ստիպում է բանաստեղծին ընդվզել Աստծու դեմ։ Դուրյանը, վերականգնելով միջնադարյան քնարերգության հետ խզված կապը, բանաստեղծությանը հաղորդել է զգացմունքային խորություն՝ խոր հետք թողնելով հայ քնարերգության վրա։ Մահացել է 1872 թվականի փետրվարի 2-ին (հունվարի 21-ին) Կ. Պոլիսում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Էքսերճյան Բ., Ընդարձակ կենսագրութիւն. Պետրոս Դուրեանի եւ իւր ձեռագիր ոտնաւորը, Կ. Պոլիս, 1893թ.։
Ղանալանյան Հ., Պետրոս Դուրյան, Երևան, 1957թ.։
Չոպանյան Ա., Պետրոս Դուրյանի կյանքը և գործը, Երևան, 1967թ.։
Շարուրյան Ա., Պետրոս Դուրյան, Երևան, 1972թ.։
Ստեղծագործություններ
Դուրյան Պ., Երկեր, «Սովետական գրող» , Երևան, 1981թ.:
Երկերի ժողովածու, հատոր 1-2, Երևան, 1971-1972թ.։
Տաղք եւ թատերգութիւնք, Կ. Պոլիս, 1872թ.։
Տաղք եւ թատերգութիւնք, նամականի, դամբանական..., Կ. Պոլիս, 1893թ.։
Տաղեր, նամակներ..., Վենետիկ, 1959թ.։
Երկեր, Երևան, 1981թ.։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am