ՊԵՏՐՈՍՅԱՆ Վարդգես Համազասպի ծնվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին Աշտարակում: Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ: Ավարտել է ԵՊՀ (1954): 1954-61-ին աշխատել է «Սովետական Հայաստան», «Ավանգարդ» թերթերի խմբագրություններում: 1961-66-ին՝ «Պիոներ կանչ» թերթի խմբագիր, 1966-75-ին՝ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, 1975-81-ին՝ ՀԳՄ վարչության առաջին քարտուղար, 1981- 1988-ին՝ նախագահ, 1988-94-ին՝ Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, 1994-ին՝ «Երկիր Նաիրի» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր: Պետրոսյանը գրականություն է մտել բանաստեղծություններով («Բալլադ մարդու մասին», 1958, ժող.), այնուհետև անցել է արձակի («Անավարտ դիմանկարներ», 1963, «Ապրած և չապրած տարիներ», 1970, «Վերջին ուսուցիչը», 1980): Անդրադարձել է Հայաստանի և սփյուռքի կյանքին, իմաստավորել դրանց կապը («Հայկական Էսքիզներ», 1969, 1984): Պետորսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է («Քաղաքի կիսաբաց լուսամուտները», 1964, «Դեղատուն Անի», 1973): Հայաստանի լեռնային գյուղերում ապրող մարդկանց ու նրանց ճակատագրին և արդիական խնդիրներին է նվիրված «Մենավոր ընկուզենի» վեպը (1981, կինոնկար՝ 1986, Հայֆիլմ): Պետրոսյանի հրապարակախոսական, ուղեգրական, գրաքննադատական նյութերն ամփոփված են «Հավասարում բազմաթիվ անհայտներով» (1977) գրքում: Բեմադրվել են Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1975) պիեսը, «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական Էսքիզներ» (1980), «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը:
Մահացել է 1994 թվականի ապրիլի 15-ին Երևանում: Թաղված Է Աշտարակում),
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Ընտ. երկ., հ. 1-2, Ե., 1983:
Կրակե շապիկ, Ե., 1986:
Չորս վիպակ. Ե., 1990:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am