ՊԼՊՈՒԼ ԶԱՐԵՀ (Պարոնյան Զարեհ Հակոբի). ծնվել է 1891 թվականի փետրվարի 14-ին Ադաբազար քաղաքում: Բանաստեղծ, մանկավարժ, հասարակական գործիչ: Ավարտել է Ադաբազարի Կեդրոնական երկրորդական վարժարանը (1912): Դասավանդել է տարբեր վայրերում, եղել նախակրթարանի տնօրեն, Բուխարեստի Հայ մշակույթի տան վարչության քարտուղար: 1908-ից տպագրվել է Կ. Պոլսի «Գարուն» շաբաթաթերթում. «Երկիր», «Կոհակ» և այլ հանդեսներում, ռումինահայ և սփյուռքահայ զանազան պարբերականներում: Պլպուլ Զարեհի ստեղծագործությունների հիմնական թեման մարդասիրությունն է և հայրենասիրությունը: Լույս են տեսել «Ընդվզում» (1912, արձակ տաղերգություն), «Ճակատագրի փուշին վրայ» (1927), «Բաժակ մը երգ» (1941) բանաստեղծությունների ժողովածուները, «Մեր ժամուն սուրբերը» (1946, Բուխարեստի Հայ մշակույթի տան գրական մրցանակ) նորավեպը, «Ծաղկեփունջ» (1956) ժողովածուն: Մահացել է 1961 թվականի փետրվարի 7-ին Բուխարեստում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am