ՊՈՂԱՐՅԱՆ Նորայր Գարեգինի ծնվել է 1904 թվականի հունվարի 17-ին Այնթապում: Բանասեր, ձեռագրագետ, հայագետ, մանկավարժ: Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ (1928-ից), արքեպիսկոպոս (1973-ից): Սովորել է Այնթապի, ապա՝ Երուսաղեմի ժւսռանգավորաց վարժարաններում (1922-27): Մանչեստրի համալսարանում հետևել է աստվածաբանության դասընթացների (1928-30): 1930-35-ին և 1941-ից՝ ուսուցիչ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում, 1935-40-ին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի դպրեվանքի տեսուչ, 1949-92-ին՝ Ս. Հակոբյանց վանքի մատենադարանի տնօրեն: Աշխատակցել է «Սիոն», «Հայ խոսնակ», «Բանբեր Մատենադարանի», «Հասկ» (1936-39-ին՝ խմբագիր), «Էջմիածին» և այլ պարբերականների: Ուսումնասիրությունները վերաբերում են բանասիրությանը, պատմագիտությանը, աստվածաբանությանը, ծիսագիտությանը, հայ գրչագրերին, գրչությանը, անտիպ ձեռագրերին [«Հայ գրողներ» (Ե-ԺԷ դար)» (1971), «Հայ նկարողներ (ԺԱ-ԺԷ դար)» (1989), «Ծիսագիտութիւն» (1990), «Տաթեւեանց սերունդ» (1991), «Հայկական խաչեր» (1991), «Հայ գրիչներ (Թ-ժէ դար)» (1992), «Հայ եկեղեցւոյ Հաւատոյ հանգանակները» (1993), «Գրիգոր Նարեկացի ֊ներբողներ» (1995), «Ժամակարգութիւն (ԺՁ դար)» (1996)]: Կազմել է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի հայկական ձեռագրերի ցուցակը՝ «Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Հակոբեանց» (հ. 1-11,1966-91), որի շնորհիվ բազմաթիվ գրչագիր մատյաններ, հայ մշակույթ պատմությանը վերաբերող նյութեր փրկվել են մոռացությունից: Ցուցակում ամփոփված է 3890 ձեռագրի նկարագրություն, առաջին անգամ ներկայացվել են բնագրագիտական մի շարք նորահայտ մեծարժեք ձեռագրեր:

Պողարյանը խմբագրել, գիտականորեն վերակազմել և հրատարակել է «Գիրք թղթոց» (1994) ժողվածուն: 

Մահացել է 1996 թվականի դեկտեմբերի 19-ին  Երուսաղեմում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Տեմիրճյան Վ., Նորայր արք. Պողարեան, «Հասկ», 1995-96, 1997, էջ 673-679, «Սիոն», 1997, էջ 263-377:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am