Հայտնի է, որ հայ մեծ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Րաֆֆիի կինը` Աննան, որդիները` Արամը և Արշակը, իրենց կյանքի վերջին տարիները անց են կացրել Լոնդոնում: Րաֆֆին ունեցեր հին դրամների հավաքածու: Նրա մահից հետո ընտանիքը հայտնվել էր տնտեսական դժվարությունների մեջ, և տիկին Աննան որոշում է վաճառել այդ հավաքածուն: Արամի հետ նրանք 1896 կամ 1897 թ. Թիֆլիսից մեկնում են Պետերբուրգ, բայց դրամները վաճառել չեն կարողանում, ուստի մեկնում են Լոնդոն: Այնտեղ էլ հանրակառքի մեջ գրպանահատները տիկին Աննայի գրպանից գողանում են այդ հավաքածուն: Նա դիմում է ոստիկանությանը, բայց ապարդյուն: Եվ այդպես, Րաֆֆիի ընտանիքը մնում է Լոնդոնում: Տիկին Աննան ազգությամբ ասորի էր: Նա Րաֆֆիի հետ ծանոթացել էր Սալմաստում (Իրան): Այնտեղ էլ նրանք ամուսնացել էին, ունեցել երեք զավակ` մեկ աղջիկ և երկու տղա: Աղջիկը` Եսթերը, վաղաժամ մահացել էր:
Արամ Րաֆֆին մեծ օգտակարություն է ունեցել Լոնդոն այցելող բոլոր հայ քաղաքական գործիչներին: Րաֆֆիի ընտանիքի ջանքերով են ստեղծվել այն ժամանակվա հայկական բոլոր ընկերությունները` բանվորների և ուսանողների միությունները, որոնք շաբաթը մեկ անգամ հավաքույթներ էին ունենում Լոնդոնի արևմտյան թաղամասում գտնվող Նորինկ Հիլի կամ Շեփըրդս Բուշի մի համեստ սրահի մեջ:
Րաֆֆու ընտանիքը մղիչ ուժն էր Լոնդոնի հայ գաղութի մտավոր կյանքի համար:
Արամն աշխատում էր հակահարված տալ հակահայ նյութերին, որոնք երբեմն-երբեմն թուրքերի դրդմամբ հայտնվում էին անգլիական հրատարակություններում:
Թե´ Արամը, և թե´ Արշակը լավ գիտեին ռուսերեն և արևելյան մի շարք լեզուներ (մասնավորապես պարսկերեն) և դասավանդում էին Լոնդոնի տարբեր ուսումնական հաստատություններում: Եղբայրները ռուսերենի դասախոսներ էին անգլիական սպաների վերապատրաստման մի ուսումնարանում: Պահպանվել է անգլիական մի խումբ սպաների հետ Արշակի լուսանկարը:
Տիկին Աննան իր ամուսնու աշխատությունների հրատարակության գործը վստահել էր Վիեննայի Մխիթարյան միաբանությանը, որի հետ ունեցած պայմանագրով ճշգրտված էին Րաֆֆիի երկերի տարածման և վաճառքի պայմանները: Նա ցանկանում էր շարադրել իր ամուսնու լիակատար կենսագրությունը: Նա գտնում էր, որ Րաֆֆիի կենսագիրները կոպիտ սխալներ են գործել, որոնց ուղղումն իր պարտականությունն էր համարում: Այդ սխալներից մեկը Րաֆֆիի ծննդյան թվականն է եղել: Մինչ այդ կենսագիրները Րաֆֆիի ծննդյան թվականը նշում էին 1835-ը: Տիկին Աննան և իր որդիները, հենվելով իրենց ձեռքի տակ եղած վավերագրերի վրա, ուղղում են այդ թվականը 1837-ի: Այդ թվականն է նշված նաև 1913 թ. Վիեննայում հրատարակված Արամ Րաֆֆիի «Պարսկական պատկերներ» հոդվածում:
Րաֆֆին իր գրքերը հրատարակել է երեք գլխավոր անուններով` Հակոբ Մելիք-Հակոբյան, Մելիքզատե և Աննա Րաֆֆի Րաֆֆի: Րաֆֆիի տոհմի անունն էր Օրդուենց: Նրա հոր անունը եղել է Մելիք Միրզաբեկ, մորը` Ջեյրան խանում: Հայրը Փայաջուկի Օրդուենց ցեղից էր, մայրը` Քոհնու Շհարի (Հին քաղաք) Ղոնդախսազենց (զինագործ) մեծ և հայտնի ընտանիքից: Րաֆֆի անունը, որ մեծ գրողն ընդունել է իր համար, ըստ Մ. Վերածինի, ասորական բառ է, նույնն է, ինչ եբրայեցերենի մեջ րաբբի կամ րաբբունի բառը, այսինքն` վարդապետ, տեր իմ:
Հ. Էդգարյանը 1978 թվականին ծանոթ լինելով Արշակ Րաֆֆիի այրի կնոջ` Ալեքսանդրիայի հետ, Լոնդոնում եղած ժամանակ հանդիպում է նրան և երգիչ Խաչիկ Փիլիքյանի հետ միասին այցելում են Լոնդոնի «Քենզըլ Գրին» գերեզմանատան մատուռ, որտեղ պահվում են տիկին Աննայի և նրա որդիների դագաղները, որոնց մեջ գտնվում են նրանց զմռսված դիակները` հետագայում Թիֆլիսում կամ Երևանում թաղելու համար: Արշակի կինը լավ խոսել է հայերեն: Նրա մայրը հայ էր, հայրը` անգլիացի բժիշկ, որը սկզբում աշխատել է Թավրիզի անգլիական դեսպանատանը որպես բժիշկ, հետագայում, երբ Թեհրանում բացվում է անգլիական դեսպանատուն, նրան բժշկի պաշտոնով տեղափոխում են Թեհրան, իսկ հետո` Արաք (Սուլթանաբադ). այնտեղ էլ նա մահացել է և թաղվել Արաքի գերեզմանատանը: Արշակ Րաֆֆին 1914-1918 թթ. Քինգզ քոլեջում ռուսերենի դասատու է եղել: 1919 թ. նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության դեսպան Անգլիայում:
Հայաստանի դեսպանատունը գտնվելիս է եղել Շեփըրդս Բուշում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիների ռմբակոծության հետևանքով այդ շենքն ավերվել է: Ըստ Ալեքսանդրիայի, Արշակ Րաֆֆին, որպես Հայաստանի դեսպան, մեծ ժամանակ է հատկացրել հայ գաղթականներին տեղավորելու, նրանց համար աշխատանք գտնելու, անձնագրեր հանելու, ճամփորդական դյուրություններ ստեղծելու և այն ամենով, ինչը մտնում էր նրա պաշտոնական պարտականությունների մեջ: Արշակը և Ալեքսանդրիան երեխաներ չեն ունեցել և Րաֆֆիի տոհմը նրանցով ավարտվել է: Արշակը մահացել է 1946 թ. օգոստոսի 12-ին: Նրա այրին Արշակի դիակը զմռսել է տվել և դագաղի մեջ զետեղելով դրել Աննայի և Արամի դիակների մոտ` հույս ունենալով, որ մի օր կհաջողվի դրանք տեղափոխել և թաղել Հայաստանում:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am