ՍԱՀՅԱՆ Համո (Գրիգորյան Հմայակ Սահակի). ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Լոր գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): Բանաստեղծ։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1939)։ 1937-38-ին աշխատել է «Սիսիանի հարվածային», 1939–1941-ին՝ «Խորհրդային գրող» (Բաքու), 1951-1954–ին՝ «Ավանգարդ», 1954-1955-ին՝ «Ոզնի» պարբերակներում, 1965-67-ին՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր։ Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են 1930-ական թթ.. սակայն համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությունը։ Սահյանի պոեզիան առանձնանում է հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ սիրով, բնության խորքային էության բացահայտումներով, բնապատկերների գեղանկարչական բազմազանությամբ, խոսքի ժողովրդաբանահյուսական կառուցմամբ։ Լույս է ընծայել «Որոտանի եզերքին» (1946), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Հայաստանը երգերի մեջ» (1962), «Մայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970) ժողովածուները։ Խառնվածքով լինելով բնության երգիչ՝ Սահյանը անձնավորել է բնությունը և բնության երևույթները։ Բնաշխարհի օրենքներից բխող փիլիսոփայական աշխարհայեցողության մեջ ցույց է տվել մարդկային կյանքի բոլոր դրսևորումները։ Նրա պոեզիայի գեղագիտական բազմազանությունն ստեղծվում է մարդու և բնության հավերժության մեջ կենդանի, փոխադարձ շարժմամբ։ Սահյանի քնարերգությունը հարուստ է սիրային,Հրանտ Մաթևոսյանի հետ: հայրենասիրական տրամադրություններով։ «Սեզամ բացվիր» (1972, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1975), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով Սահյանը բացահայտել է մարդկային դրամատիկ ապրումների մի նոր աշխարհ։ Նրա բանաստեղծական հերոսը բնաշխարհին կապված,

ժամանակակից կյանքով ապրող մարդն է։

Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում և հասարակական հնչողություն։ Գրել է նաև հայրեններ։ Թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի ստեղծագործություններից։

Հ. Սահյանը մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում: 

Երևանում գործում է «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնը։

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Գրկ. Հայրապետյան Ա., Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը, Երևան, 1977թ.։

Մկրտչյան Լ., Զրույցներ բանաստեղծի հետ, Երևան, 1984թ.։ 

Մկրտչյան Լ.,Պոեզիան և կյանքի ճշմարտությունը, Երևան, 1990թ.։ 

Համո Սահյան. Բանաստեղծը, մտածողը, մարդը, Երևան, 2001թ.։ 

Բախչինյան Ֆ., Բանաստեղծության հայելու խորքում, Երևան, 2004թ.։

Ստեղծագործություններ

Բանաստեղծություններ, հատոր 1, 2, Երևան, 1967, 1969թ.։ 

Երկերի ժողովածու., հատոր 1, 2, Երևան, 1975, 1976թ.։ 

Երկերի ժողովածու, հատոր 1, 2, Երևան, 1984թ.։ 

Տոհմի կանչը, Երևան, 1981թ.։ 

Ինձ բացակա չդնեք (անտիպ բանաստեղծությունների ժողովածու), Երևան, 1998թ.։ 

Քարե պատարագ, Երևան, 1999թ.։ 

Արցունքով լցված օրեր, Երևան, 2007թ.։

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am