ՍԱՐԳԻՍՅԱՆ Բարսեղ. ծնվել է 1852 թվականի հունիսի 1-ին Թափադոլակ գյուղում (այժմ՝ գյուղ Արևիկ՝ ՀՀ Շիրակի մարզում): Բանասեր, հայագետ, ձեռագրագետ: Վենետիկի Սխիթարյան միաբանության անդամ: Ուսումնասիրությունները վերաբերում են հայ հին ագգային և թարգմանչական գրականությանը: «Ագաթանգեղոս եւ իւր բազմադարեան գաղտնիքն» (1890) աշխատության մեջ այն կարծիքն է հայտնել, որ Ագաթանգեղոսի անունով մեգ հասած գիրքը տարբեր հեղինակների գրած և 5-րդ դարի ի մի բերված երկերի ժողովածուն է: «Տեսութիւն Սեղբեստրոսի պատմութեան եւ Մովսես Խորենացւոյ աղբերաց» (1893) աշխատության մեջ քննադատել է O. Կարիերի այն կարծիքը, ըստ որի՝ Մովսես Խորենացին ոչ թե 5-րդ դարի, այլ 8-9 դարերի հեղինակ է: «Անանուն ժամանակագրութիւն...» (1904) ուսումնասիրության մեջ նշել է, որ Անանիա Շիրակացուն վերագրվող «Ժամանակագրութիւնը» մի քանի ժամանակագրական երկերի ժողովածու է: Անդրադարձել է Վենետիկի միաբանության գիտական-գրական, թարգմանչական և հրատարակչական գործունեությանը («Շրկհարիւրամեայ գրականական գործունեութիւն եւ նշանաւոր գործիչներ Վենետկոյ Մխիթարեան միաբանութեան», 1905), կազմել Վենետիկի Մխիթարյան մատենադարանի ձեռագրացուցակը [«Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանի Մխիթարեանց ի Վենետիկ», հատոր 1-3, 1914-66 (3 հատոր՝ համահեղինակ)]: Սարգիսյանի աշխատասիրությամբ հրատարակվել է «Աբրահամ Մամիկոնէից եպիսկոպոսն եւ իւր առ Վաչագան գրած թուղթն» (1899) գիրքը: Մահացել է 1921 թվականի օգոստոսի 1-ին  Վենետիկում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Ուսումնասիրութիւն Մանիքէա-Պաւդիկեան թոնրակեցիներու աղանդին եւ Գր Նարեկացւոյ թուղթն. Վնտ , 1893: 

Քննադատութիւն Յովհան Մանդակունւոյ եւ իւր երկասիրութեանց վրայ, Վենետիկ, 1895:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am