ՍԱՐԳԻՍՅԱՆ Ներսես (աշխարհիկ անունը՝ Սարգիս). ծնվել է 1800 թվականի հոկտեմբերի 3-ին Տրապիզոնում: Բանասեր, աղբյուրագետ: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ: 1823-ին հաստատվել է Վենետիկի Ս. Ղազար կղզում, 1829-ին ձեռնադրվել կուսակրոն քահանա: Մինչն 1843-ը ղեկավարել է միաբանության տպարանը, մասնակցել «Մատենագիրք նախնեաց» մատենաշարի հրատարակմանը: 1843-53-ին ճանապարհորդել է Հայաստանում և հարակից երկրներում: Ուղևորության ընթացքում հետազոտել և նկարագրել է բնակավայրեր, ճարտարապետական հուշարձաններ, զանազան հնություններ, կազմել քարտեզներ ու հատակագծեր, նմանահանել արձանագրություններ (10-13 դարին վերաբերող 196 արձանագրություն՝ բնագիր և ռուսերեն թարգմանությամբ, հրատարակվել է 1881-ին Մոսկվայում լույս տեսած «Հայկական արձանագրությունները Կարսում, Անիում և վերջինիս շրջակայքում» գրքում): Հավաքել ու Վենետիկ է ուղարկել հարյուրավոր հայկական մեծարժեք ձեռագրեր, հնագիտական իրեր, դրամներ, հայերեն, հունարեն, վրացերեն, արաբերեն և այլ լեզուներով բազմաթիվ վիմագիր հիշատակարաններ, գրի առել հայ ժողովրդական բանահյուսության նմուշներ: Հավաքած նյութի հիման վրա գրել է «Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս» (1864) աշխատությունը: Հրատարակել է «Վարք սրբոց հարանց...» (հատոր 1-2, 1855) մատենագրական ուսումնասիրությունը: Սարգիսյանը երկար տարիներ զբաղվել է Հովհան Ոսկեբերանի երկերի հայերեն հնագույն թարգմանությունների հավաքմամբ և ուսումնասիրմամբ. դրանց մի մասը հրատարակել է «Ճառք» և «Մեկնութիւն թղթոցն Պաւղոսի» (հատոր 1-3, 1861-62) խորագրերով: Փաստագրական հարուստ նյութ են պարունակում նաև 1843-53-ին Ա. Բագրատունուն և Ղ. Ալիշանին հասցեագրված Սարգիսյանի նամակները (մի մասը հրատարակվել է «Բազմավեպում»՝ 1970-71-ին): Մահացել է 1866 թվականի հունիսի 21-ին Ֆիեսսոում (Իտալիա)]:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Ճեմճեմյան Ս. Հ., Ներսէս Սարգիսեանի ուղեւորութիւնը դեպի Փոքր եւ Մեծ Հայք (1843-53), Վենետիկ, 1974:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am