ՍԱՐԻՆՅԱՆ Սերգեյ Ներսեսի. ծնվել է 1924 թվականի նոյեմբերի 17-ին  Խաչեն գյուղում (այժմ՝ ԼԴՀ Ասկերանի շրջանում)]: Գրականագետ-քննադատ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ Ակադեմիկոս (1996, թղթ. անդամ՝ 1990-ից): ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1985): Ռ. Ն. Սարինյանի եղբայրը: Ավարտել է ԵՊՀ (1949): 1960-ից՝ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի հայ նոր գրականության բաժնի վարիչ: Սարինյանի ուսումնասիրությունները նվիրված են հայ նոր գրականության պատմության, գրականագիտության տեսության հարցերին («Քննադատական ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ», 1955, «Հայկական ռոմանտիզմ», 1966): Գրել է մենագրություններ, հոդվածներ հայ դասականների մասին («Րաֆֆի», 1957, 1985, «Մուրացան», 1976, «Լևոն Շանթ», 1991): Հետազոտել է 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի հայ գրականության պատմության պարբերացման, զարգացման օրինաչափությունները, գրական դպրոցների և դասական գրողների ստեղծագործությունների գիտական մեկնաբանման սկզբունքները: Սարինյանին բնորոշ է գրական երևույթների կոնկրետ պատմական ու տիպաբանական, գեղագիտական ու փիլիսոփայական համարժեքների միասնական քննությունը: Հանդես է եկել նաև արդի հայ գրականությանը նվիրված քննադատական աշխատություններով («Քննադատությունը և գեղարվեստական զարգացումը», 1973, «Գեղարվեստական գրականության պատմականությունը», 1979): «Հայ գաղափարաբանություն» (1998) աշխատության մեջ առաջին անգամ տվել է հայ գաղափարաբանության պատմաքննական տեսությունը: Նրա մասնակցությամբ հրատարակվել է «Հայ նոր գրականության պատմություն» (հատոր 1-5, 1962-79, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1980) աշխատությունը: Սարինյանի ընդհանուր խմբագրմամբ լույս է տեսել «Հայ քննադատության պատմություն» (հատոր 1, 2, 1985, 1998) ուսումնասիրությունը:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Գրական դիտողություններ, Ե., 1964: 

Սերունդներ և ավանդներ, Ե., 1984: 

Հայոց գրականության երկու դարը, գիրք 1-3, 1988-2002: 

Պարույր Սևակ, Ե., 2006:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am