ՍԱՐՈՅԱՆ Վիլյամ Արմենակի ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում (ԱՄՆ): Գրող: Ստեղծագործել է անգլերեն: Ծնվել է Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Սարոյան գրողի ձևավորման մեջ մեծ դեր են խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի.  ավանդույթների, պատմության տարրերը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը: Առաջին անգամ տպագրվել է 1933-ին՝ Բոստոնի «Հայրենիք» անգլերեն շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) ժողովածուով, որը նշանակալի երևույթ է դարձել ամերիկյան գրականության մեջ: Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնք ամփոփվել են «Փոքրիկ երեխաներ» (1937), «Ողջույն քեզ սեր» (1938), «Անունս Արամ է» (1940), «Սիրելիս» (1944), «Ասորին» (1949) և այլ ժողովածուներում: Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրերում ներմուծել է տեղի ու ժամանակի հետ սերտորեն կապված սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, բնականությամբ, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, պատկերների ու կերպարների գունագեղություն: Սարոյանը ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար աշխարհում»:

Սարոյանը ճշմարտացիորեն ստեղծել է հասարակ մարդկանց առօրյա կյանքի դրվագներ՝ դրանք հասցնելով գեղագիտական մեծ արտահայտչականության և ընդհանրացումների: Նրա շատ գրական կերպարներ հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ իր ազգային ավանդույթներով ու բարքերով, «հին հայրենիքի» մասին հիշողությամբ: «Հին հայրենիքի» մոտիվը, ինչպես նաև նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են Սարոյանի «տարօրինակ» ու ձախողակ մարդկանց, հատկապես մանուկների ու պատանիների կերպարները: Դրանք համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության խորհրդանիշեր, որպես գրողի մարդասիրական աշխարհազգացողության արտահայտիչներ:

Իրականության ու Երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգևոր գեղեցկության, սիրո ու բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի վիպակներում, պատմվածքներում ու վեպերում, դրանք հետաքրքիր գեղագիտական լուծում են ստացել նաև նրա դրամաներում («Իմ սիրտը լեռներում է» (բեմ.՝ 1939, հայ. բեմ.՝ 1961, կինոնկար՝ 1976), «Կյանքիդ ժամանակը» (բեմ.՝ 1939, Նյու Յորքի քննադատների մրցանակ, Պուլիցերի մրցանակ, հայ. բեմ.՝ 1981), «Քարանձավի մարդիկ» (բեմ.՝ 1957), «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» (բեմ.՝ 1942, հայկ, հեռուստատեսային կինոնկար՝ 1981), «Կոտորածն մանկանց» (1952, հայ. բեմ.՝ 1986), «Խաղողի այգին» (հայ. բեմ.՝ 1971)]:

1942-ին Սարոյանը զորակոչվել է բանակ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939- 1945). գրել է զինվոր, սցենարներ: Նա պատերազմն ընկալել է որպես աղետ և այդ թեման արտացոլել է «Աարդկային կատակերգություն» (1942, հայ. հրտ.՝ 1959) վիպակում ու «Վեսլի Ջեկսոնի արկածները» (1946, հայ. հրտ.՝ 1965) վեպում: 1950-60-ական թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՍՆ-ում: Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի հիման վրա ստեղծել է հոգեբանական վիպակների շարք («Ինչ-որ ծիծաղելի բան», 1953, «Հայրիկ, դու խենթ Ես», 1956, «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», 1957, «Տղաներ և աղջիկներ», 1963, «Սեկ օր հետկեսօրյա աշխարհում», 1964, և այլն):

1960-ական թթ-ից սկսած՝ Սարոյանը գլխավորապես գրել է քնարական-ինքնակենսագրական հուշագրական ժանրի գործեր («Ահա եկավ, ահա գնաց, ինքներդ գիտեք՝ ով», 1961, «Չմեռնել», 1963, «Նամակներ Թեյբու փողոցի 74 համարից», 1969, «Վայրեր, որտեղ ես եղել եմ», 1972, «Պատահական հանդիպումներ», 1977), որոնցից հատկապես ուշագրավ են Բ. Շոուին, Չ. Չապլինին, Պ. Պիկասսոյին, Թ. Էլիոտին, Ջ. Սթայնբեքին, Ե. Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության, արվեստի դերի ու կոչման, սկզբունքների ու խնդիրների վերաբերյալ:

Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին Ֆրեզնոյում: Աճյունի մի մասը, կտակի համաձայն, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:.

Երևանում Սարոյանի անունով կոչվել են դպրոց, համալսարան:


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Ընտիր երկեր, հ. 1-4, Ե.. 1986-91: 

Իմ անունն է Սարոյան (ժողովածու), Ե.. 1993: 

Պատմվածքներ, հարցազրույցներ. էսսեներ, հուշեր, Ե.. 1999: 

The W. Saroyan Reader. N. Y„ 1958:

Գրկ. Գասպարյան Ա. Մ., Վիլեամ Սարոեան (կեանքը եւ ստեղծագործութիւնը), Թեհրան, 1981: 

Սանոյան Ռ., Մեծ բիթլիսցու առեղծվածը, Ե.. 2004: 

Гончар НА. Вильям Сароян и его рассказы, Е., 1976.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am