ՍԱՐՈՒԽԱՆ (Սարուխանյան) Առաքել Զատիկի. ծնվել է 1863 թվականի հոկտեմբերի 13-ին Արտանուջ գյուղաքաղաքում (Գուգարքի նահանգի Կղարջք գավառ): Պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ: Ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանների վարժարանը: 1894-1911-ին՝ Ա. Մանթաշյան նավթարդյունաբերական և առևտրական ընկերության լիազոր ներկայացուցիչ (ապա՝ լիազոր վարիչ) Բաթումում, Բաքվում, Թիֆլիսում, Ս. Պետերբուրգում, 1911- 1917-ին՝ մի շարք օտարերկրյա նավթարդյունաբերական ընկերությունների լիազոր վարիչ: 1920-ական թթ. սկզբից ապրել է Հոլանդիայում, ապա՝ Բելգիայում: 1881-ից պարբերաբար թղթակցել է «Մշակ», 1887-ից՝ «Հանդես ամսօրյա». Կ. Պոլսի «Արևելք» պարբերականներին՝ Կ. Տյուրյան ծածկանունով: Շրջագայելով տարբեր երկրներում՝ ուսումնասիրել է հայկական գաղթավայրերի պատմությունն ու մշակույթը («Սև ծովու ռուսական եզերքը», 1895, «Կովկասեան լերանց մէջ», 1896): Բելգիական և հոլանդական արխիվների հիման վրա գրված «Հոլլանդան և հայերը ԺԶ-ԺԹ դարերում» (1926), «Բելգիա և հայերը» (1937) երկերը հարուստ տեղեկություններ են պարունակում բելգիացիների և հոլանդացիների հետ հայերի սերտ փոխհարաբերությունների մասին՝ սկսած միջին դարերից: Սարուխանն անդրադարձել է նաև հայ-վրացական տնտեսական, քաղաքական, մշակութային փոխհարաբերություններին («Վրաստան և հայերը», 1939): «Հայկական խնդիրն և Ազգային սահմանադրութիւնը Թիւրքիայում» գրքում (1912) ներկայացրել է Օսմանյան կայսրության տնտեսական և քաղաքական պատկերը, եվրոպական պետությունների դիվանագիտությունը Հայկական հարցում, հայ գործիչների դերը Թուրքիայի սահմանադրական շարժման մեջ: «Աղեքսանդր Մանթաշեանց, մեծ վաճառականն և բարեգործը» (1931) հուշագրության մեջ Սարուխանը  տեղեկություններ է տվել Կովկասում հայկական կապիտալի ծագման, ընդլայնման մասին, գրել է  նաև գեղարվեստական գործեր: Մահացել է 1949 թվականի փետրվարի 6-ին  Բրյուսելում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am