ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ (Արութին, Հարություն) ծնվել է 1712, 1717 կամ 1722 թվականին Թիֆլիսում: Բանաստեղծ-աշուղ։ Որպես երգիչ-երաժիշտ՝ ծառայել է Վրաց արքունիքում։ 1768-ին ընդունել է կուսակրոնություն՝ գործելով մե՛րթ Հաղպատի վանքում, մե՛րթ Թիֆլիսի Ս. Գևորգ եկեղեցում։ Ստեղծագործել է հայերեն, վրացերեն, թուրքերեն։ Սայաթ-Նովայից պահպանվել են մոտ 70 հայերեն, ավելի քան 120 թուրքերեն և շուրջ 30 վրացերեն երգեր։ Երգերի մեծ մասի թեման սերն է, հեղինակել է նաև խոհախրատական և երգիծական բնույթի խաղեր։ Երգերը թեև արտաքին կառուցվածքով աշուղական արևելյան են, սակայն բովանդակային խորքով, պատկերային համակարգով, իմաստի արտահայտման եղանակներով և գաղափարներով ավելի հարազատ են հայ ագգային մշակույթի ոգուն։ Նրա եռալեզու ստեղծագործությունը խարսխված է հոգևոր-մշակութային հարուստ հիմքի վրա, որը ներառում է հայ բազմադարյան բանահյուսությունը, եկեղեցական գրականությունը, աշուղական բանարվեստը, ընդհանուր արլևելյան բանահյուսությունն ու գրականությունը։ Բանաստեղծի մարդասիրությունն իր առավել վառ արտահայտությունն է գտել սիրերգերում («Աշխարհումս ախ չիմ քաշի...», «Մէ խօսկ ունիմ իլթիմազով...», «Առանց քիզ ի՞նչ կոնիմ...», «Մեջլումի պես կորավ յարս...»)։ Նա կատարելության է հասցրել կնոջ արտաքին և հոգևոր գեղեցկության գովքը, որն ի վերջո փառաբանություն և օրհներգ է՝ ուղղված մարդ արարածին, մարդկային գեղեցկությանը։ Սայաթ-Նովայի սիրո ողբերգության հիմքն իշխող ընկերային և դասային անհավասարությունն է։ Սայաթ-Նովայի խաղերը մեծ մասամբ հորինվել են որոշակի եղանակների համապատասխան։ Նա երգերից շատերի համար հորինել է նաև սեփական եղանակներ, որոնց հիմքում հայ մոնոդիկ երաժշտությունն է (ժողովրդական և գուսանաաշուղական երգ, միջնադարյան տաղեր, քաղաքային ժողգործիքային նվագ), այդ երաժշտության հնչերանգները և դրանցով բացահայտվող ձայնակարգերն իրենց էական հատկանիշներով կազմում են նրա մեղեդիների ձևակառուցման գլխավոր գործոնը։ Սայաթ-Նովայի աշուղական երաժշտաարվեստում որոշ տարրեր են ներառվել նաև Թիֆլիսի կենցաղային երաժշտությունից, որը միավորում էր մերձավորարլևելյան երաժշտության մաս կազմող բազմազան ազգային ավանդույթներ։ Այդ բոլոր տարրերը՝ աշուղի սեփական և ավանդական եղանակները, միաձուլվել ու վերարտադրվել են մեկ միասնական՝ իբրև սայաթնովյան ոճում։ Երգերն ընդհանուր բնույթով աշուղական են. դրանցում օգտագործում են ինչպես երգային, այնպես էլ ասերգային հնարքները։ Բոլոր երգերը հուզառատ են։ Հատկապես ասերգային նմուշներում խոսքի արտաբերումը հասնում է խորագույն արտահայտչության։

Սայաթ-Նովայի երգերն ընդգրկում են հայ աշուղական երգի ռիթմաինտոնացիոն և ձևային կարևորագույն բոլոր տեսակները։ Սայաթ-Նովան նաև առաջնակարգ երաժիշտ-կատարող է եղել, ունեցել է «քաղցր ձայն», երգեցողությունն ուղեկցել է սազի, թամբուրի, քամանչայի վարպետ նվագով։

Սայաթ-Նովայի արվեստը մեծ դեր է կատարել Այսրկովկասի աշուղական արվեստի զարգացման գործում, նկատելի ազդեցություն է ունեցել նաև կոմպոզիտորական ստեղծագործության վրա։

Սայաթ-Նովան ստեղծագործել է բազմաթիվ պարզ ու բարդ աշուղական չափերով։ Մահացել է 1795 թվականի սեպտեմբեի 12-ին Թիֆլիսում: 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ասատուր Գ.. Սայաթ-Նովայի ձեոագիր մատեանը, «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի», Վաղարշապատ, 1921-1922թթ.։ 

Թումանյան Հ., Սայաթ-Նովա (հողվածներ և ճառեր), Երևան, 1963թ.։ 

Հասրաթյան Մ.. Սայաթ-Նովայի Դավթարը, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ», 1963թ., № 10-11։

Սեվակ Պ.. Սայաթ-Նովա, Երևան, 1969թ.։ 

Բախչինյան Հ., Սայաթ-Նովա, կյանքը և գործը, Երևան, 1988թ.։ 

Ասլանյան Ա., Սայիադ-Նովա, ճշմարտությունը սայիադնովագիտության մեջ, Երևան, 2001թ.։

Ստեղծագործություններ

Սայաթ-Նովա, Սայաթ-Նովա, «Սովետական գրող», Երևան, 1987թ:

Սայեաթ-Նօվայ, աշխատասիրությամբ՝ Գ. Ախվերդյաեի, Մոսկվա, 1852թ.։ 

Հայերեն խադերի լիակատար ժողովածու, Երևան, 1931թ.։ 

Երգեր, երաժշտական ժողովածու, կազմող` Ս. Աղայաև, Շ. Տալյան, Երևան, 194թ.6։ 

Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի ժողովածու, Երևան, 1963թ.։ 

Խաղեր, կազմող՝ Հ. Բախչինյան, Երևան, 1987թ.։

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am