ՍԵՎԱԿ (Ղազարյան) Պարույր Ռաֆայելի ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Չանախչի գյուղում (այժմ՝ Զանգակատուն՝ ՀՀ Արարատի մարզում) բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970)։ Ավարտել է ԵՊՀ (1945), Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստուտը (1955)։ 1963-71–ին՝ ՀԽՍՀ Գրականության ինստուտի ավագ գիտաշխատող, 1966-1971-ին, միաժամանակ՝ ՀԳՄ վարչության քարտուղար։ 1948-ին լույս է ընծայել բանաստեղծությունների առաջին՝ «Անմահները հրամայում են» գրքույկը, այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը, «Սիրո ճանապարհը» (1954), «Նորից քեզ հետ» (1957) բանաստեղծությունների ժողովածուները։ Բանաստեղծությունների նոր որակի սկիզբն են «Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց» սիրային պոեմները և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատ.՝ 1966, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1967) քնարափիլիսոփայական պոեմը։ «Անլռելի զանգակատուն» պոեմում պատկերելով Կոմիտասի ճակատագիրը՝ Սևակը վեր է հանել Մեծ եղեռնի տարիներին հայ ժողովրդի ապրած ողբերգությունը։ Սևակի «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմներն առաձնանում են հայրենասիրական շնչով ու փիլիսոփայական մտահանգումներով։ Սևակը իր ստեղծագործությամբ լուծել է նորարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ ավանդված կառուցվածքները համադրելով եվրոպական և ամերիկյան կառուցվածքների հետ։ Նման համադրության առաջին ամենանշանակալի դրսևորումն է «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն, որին հատուկ է նախ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները բացահայտելու կիրքը, ապա «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծ, ձևերի ճկունությունը։ «Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով Սևակը վերաիմաստավորել է մարդուն իր բարդ ու հակասական կյանքով։ Սևակի գրական ժառանգության մի ստվար մասն են կազմում նրա գրականագիտական-բանա֊սիրական և գրաքննադատական ուսումնասիրությունները («Սայաթ-Նովա», 1969), հոդվածները։

Գրել է «Մեսրոպ Մաշտոց» (1962, Հայֆիլմ), «Սայաթ-Նովա» (1965, Հայֆիլմ) փաստագրական կինոնկարների սցենարները, կատարել թարգմանություններ։

ԽՍՀՄ ԳԽ պատգմավոր (1966-70)։ 

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից, թաղված է ծննդավայրում):

Սևակի անունով կոչվել են դպրոցներ, փողոցներ ՀՀ տարբեր քաղաքներում թաղամաս՝ Երևանում, գյուղ՝ Արարատի մարզում։

 

Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Պապոյան Ա., Պարույր Սևակի չափածոյի լեզվական արվեստը, Երևան, 1970թ.։

Արիստակեսյան Ա., Պարույր Սևակ, Երևան, 1974թ.։ 

Գասպարյան Դ, Պարույր Սևակ։ Կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 2001թ.։

Արգումանյան Լ., Պարույր Սևակի պոեմները, Երևան, 2001թ.։ 

Չարխչյան Հ., Սուլամիթա. Սևակի մեծ սերը (գիրք 1-2), Էջմիածին, 2004թ.։ 

Չալիկյան Գ.. Անլռելի սիրահարը. Պարույր Սևակի ու մի քիչ էլ իմ մասին, Երևան, 2004թ.։

Սարինյան Ս., Պարույր Սևակ Երևան, 2006թ.։ 

Հովսեփյան Ն, Պարոււր Սևակ. Կենսամատենագիտություն, Երևան, 1968թ.։

Ստեղծագործություններ 

Սևակ Պ., Երկեր, հատոր 1, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1982թ.:

Սևակ Պ., Երկեր, հատոր 2, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1983թ.:

Սևակ Պ., Երկեր, հատոր 3, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1983թ.:

Սևակ Պ., Երկերի ժողովածու, հատոր 1, «Հայաստան» հրատ., Երևան, 1972թ.:

Սևակ Պ., Երկերի ժողովածու, հատոր 3, «Հայաստան» հրատ., Երևան, 1973թ.:

Սևակ Պ., Երկերի ժողովածու, հատոր 5, «Հայաստան» հրատ., Երևան, 1974թ.:

Սևակ Պ., Երկերի ժողովածու, հատոր 6, «Հայաստան» հրատ., Երևան, 1976թ.:

Երկերի ժողովածու, հատոր 1-6, Երևան, 1972-1976թ.։ 

Երկեր, հատոր 1-3, Երևան, 1983թ.։ 

Վառվող արյուն։ Հատընտիր. Երևան, 2000թ.։ 

Ծանոթացեք նորից, Բեյրութ, 2001թ.։ 

Անկեղծ ասած, Երևան, 2002թ.։

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am