ՍԵՎԱԿ Ռուբեն (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի). ծնվել է 1885 թվականի հունվարի 15-ին  Սիլիվրի գյուղում (Կ. Պոլսի մոտ): Բանաստեղծ, արձակագիր, բժիշկ: Ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը (1905), Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911): 1911-14-ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում: 1915-ին վերադարձել է Կ. Պոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին նահատակվել այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դ. Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ:

1910-ին լույս է տեսել Սևակի «Կարմիր գիրքը», որն ամփոփում է երեք պոեմ՝ «Ջարդի խենթը», «Քրդուհին», «Մարդերգութիւն»: «Մարդերգություն» պոեմի հիմքում ընկած է մարդկային գոյի խորախորհուրդ վերապրումի գաղափարը: Սևակը նպատակ է ունեցել հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրերով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա մտահղացումները:

Սևակի ստեղծագործությունն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում 20-րդ դարի սկզբի արևմտահայ գրականության մեջ: Սոցիալական անարդարության, բողոքի ու ընդվզման գաղափարն է արտահայտված «Դրամին աղոթքը», «Կարմիր դրոշակը», «Այս դանակը», ողբերգականության հակադրությունը: Ազգային-հայրենասիրական բանաստեղծություններն ու պոեմները գրված են 1909-ի կիլիկյան ջարդերի անմիջական տպավորության տակ: «Զանգակներ, զանգակներ», «Ով իմ հայրենիքս», «Հայաստան» և այլ քերթվածներում բարձրացված է ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման: Սևակի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ է գրավում սերը, որը, ըստ նրա, ձգտում է «բացարձակ իդեալին» («Փոխան հարսանիքի», «Մեղքին պտուղը»): Նրա սիրո երգերի շարքը («Երգ երգոց», «Գինով սեր», «Եկուր», «Ինչո՞ւ», «Սիրո և մահվան երգը» և  այլն) աչքի է ընկնում զգացմունքիԿնոջ հետ նրբությամբ ու խորությամբ, արտահայտչական միջոցների թարմությամբ: Նրա պոեզիային բնորոշ են լեզվի մաքրությունն ու հարստությունը, տաղաչափ, արվեստի բազմազանությունը, երաժշտականությունը:

Սևակի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են: «Բժիշկին գիրքէն փրցուած էջեր» (1913) գրքում զետեղված են բժշկական զրույցներ, որոնք հետապնդում են առողջապահական, ուսուցողական նպատակներ: Դրանք («Ապրիլը հաղթել է», «Կռունկը», «Ահավոր տարակույսը», «Հարսերուն գաղտնիքը» և այլն) հեղինակի կյանքից վերցված նկարագրություններ են և պատկերված են գեղարվեստական մեծ վարպետությամբ: Մահացել է 1915 թվականի օգոստոսի 26–ին Մեծ եղեռնի զոհ: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Հողի ձայնը, Բաքու, 1975:

Երկ Երկ., Ե., 1955: 

Երկ.. Ե . 1985: 

Երկ.. Անթիլիաս, 1986: 

Երկ., հատոր 1, Ե.. 1995, հատոր 2. 1996: 

Երկ., Էջմիածին, 1997: 

Հատընտիր (հայերեն և ֆրանսերեն). Ե., 2006: 

Կարմիր գիրքը. Սիրոյ գիրքը. Ցրիւ քերթուածներ, Երուսաղեմ. 1944: 

Բժիշկին գիրքէն փրցուած էջեր եւ քերթուածներ, Փարիզ, 1946:

Գրկ. Հատիտյան Գ., Ռուբեն Սևակ, Ե., 1959: 

Ջրբաշյան է., Ռուբեն Սևակ, Ե.. 1966: 

Կիրակոսյան Վ., Ռուբեն Սևակ, Ե., 1972: 

Պետրոսյան Վ., Ռուբեն Սևակը և մեր ժամանակը, Ե., 2003:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am