ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ (Քերեսթեճյան Շահնուր Տաքարի) ծնվել է 1903 թվականի օգոստոսի 3-ին Կ. Պոլիսում: Գրող: Սովորել է Կ. Պոլսի Սկյուտարի թաղային դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում: 1922-ին հաստատվել է Փարիզում: Աշխատակցել է «Արև», «Ապագա», «Անահիտ», «Ամենուն տարեցոյցը» պարբերականներին: 1929-ին լույս է ընծայել «Նահանջը առանց երգի» իր առաջին վեպը, որտեղ պատկերել է հայ մարդու այլասերումն ու ուծացումը օտար միջավայրում, 1933-ին՝ «Յարալէզներուն դաւաճանութիւնը» պատմվածքների ժողովածուն: Ծանր հիվանդության պատճառով 1930-ական թվականների վերջերից մինչև կյանքի մայրամուտը անցկացրել է հիվանդանոցում: Այդ ժամանակից էլ սկսել է գրել նաև ֆրանսերեն՝ Արմեն Լյուբեն ստորագրությամբ, միաժամանակ հայերեն տպագրել մանրապատումներ, հրապարակախոսականներ, գրաքննադատական, հոդվածներ: 1939-ին «Լա նուվել ռևյու ֆրանսեզ»-ում (ֆրանսիական պարբերական) ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» (հետագայում ֆրանսերեն արձակ գործերի ժողովածուի խորագիրը, 1955, Ռիվարոյի մրցանակ՝ 1956) հիվանդանոցային հուշերը: Ֆրանսերեն հրատարակել է «Անտեղի պրպտումներ» (1942), «Գաղտագողի անցորդ» (1946), «Սուրբ համբերություն» (1951), «Բարձրավանդակ» (1957), «Հուր ընդ հրո» (1968) ժողովածուները: Հայերեն լույս են տեսել «Թերթիս կիրակնօրեա թիւը» (1958) պատմվածքների ժողովածուն, «Զոյգ մը կարմիր տետրակներ» (1967), «Կրակը կողքիս» (1973) գրքերը, որոնցում ամփոփված են Շահան Շահնուրի գեղարվեստական, հրապարակախոսական գործերը: Հեղինակ է «Համառօտ քերականութիւն եւ ուղղագրութիւն հայերեն լեզուի» (գիրք 1-2, 1970) գրքի: Շահան Շահնուրի գրական ժառանգության անբաժանելի մասն են նրա նամակները, որոնց մեծ մասը պահվում է ԳԱԹ-ում: Մահացել է 1974 թվականի օգոստոսի 20-ին Փարիզում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
Գաբրիելյան Վ., Դիմանկարներ, Երևան, 1976թ.:
Շահինյան Գ., Կենսագրութիւն եւ մատենագիտութիւն Շահան Շահնուրի, Անթիլիաս, 1981թ.:
Փոլատյան Ա., Շահան Շահնուր, Նյու Ջերսի, 2003թ.:
Ստեղծագործություններ
Երկեր, Երևան, 1962թ.:
Երկեր, գիրք 1, 2, Երևան, 1982, 1985թ.:
Նամականի, Երևան, 2001թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am