ՇԱՀԱԶԻԶ (Շահազիզյանց) Երվանդ Հովակիմի. ծնվել է 1856 թվականի հունվարի 1(13)-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1944): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1946): Ս. Շահազիզի եղբորորդին: Ավարտել է Երևանի գավառական դպրոցը (1870), Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1879), սովորել ճեմարանին կից լիցեյում (1879-82): 1882-1917-ին՝ ուսուցիչ և տեսուչ Նոր Նախիջևանի թեմական դպրոցում, 1918-19-ին՝ Նոր Նախիջևանի և Դոնի Ռոստովի հայերի «Հայ համայնք» շաբաթաթերթի խմբագիր (Ռ. Պերպերյանի հետ): 1922-ին հրավիրվել է Երևան, Նոր Նախիջևանից բերած արխիվային նյութերի հիման վրա համալրել է Հայաստանի կենտրոնական կուլտուր-պատմական թանգարանը (այժմ՝ ՀՊՊԹ): 1938-ից՝ Գրականության ինստիտուտի գիտաշխատող: Հեղինակ է պատմաբանասիրական («Միքայել Ղազարեան Նալբանդեանց», 1897, «Նոր Նախիջևանը և նոր-նախիջևանցիք», 1903, «Պատմական պատկերներ», 1903, «Չերքեզիա կամ Չերքեզիստան եւ չերքեզահայք», անտիպ), պատմահնագիտական («Հին Երևանը», 1931, լրամշակված հրատ.՝ 2003), «Աշտարակի պատմությունը» (հրատ.՝ 1987) ուսումնասիրությունների: Բանասիրական ուսումնասիրությունները («Գաբրիել Սունդուկյան», 1927, «Դիվան Միքայել Նալբանդյանի», 1932, «Դիվան Խաչատուր Աբովյանի», հատոր 1, 2, 1940, 1948, «Սմբատ Շահազիզի կենսագրությունը», 1944) վերաբերում են հայ գրողների կյանքին և գործունեությանը: Գրել է նաև հիշողություններ («Հիշողություններ և դիմաստվերներ», հրատ.՝ 1980): Մահացել է 1951 թվականին օգոստոսի 12-ին Երևանում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
Ստեղծագործություններ
Նոր Նախիջեւանի ուսումնական գործի անցեալը, Նոր Նախիջևան, 1894թ.:
Մկրտիչ Յովսէփեան էմին, Թիֆլիս, 1900թ.:
Նոր Նախիջեւանի Ս. Խաչվանքը, Թիֆլիս, 1901թ.:
Տէր-Գաբրիել Պատկանեանց, Թիֆլիս, 1910թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am