ՇԱՀԱԶԻԶ  (Շահազիզյանց, Շահազիզյան) Սմբատ Տեր-Սիմոնի. ծնվել է 1840 թվականի սեպտեմբերի 5-ին  Աշտարակում: Բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս: Ե. Հ. Շահազիզի հորեղբայրը: Արևելյան լեզուների գիտությունների թեկնածու (1867): Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1860) և կից լիցեյը, 1873-97-ին՝ նույն ճեմարանի ուսուցիչ: 1861-ից աշխատակցել է «Հյուսիսափայլ» ամսագրին: 1860-ին Մոսկվայում լույս է տեսել Շահազիզի «Ազատութեան ժամեր» գրաբար և աշխարհաբար բանաստեղծությունների առաջին ժողովածուն: «Լևոնի վիշտը» (1865) ժողովածուն ամփոփում է համանուն պոեմը (հեղինակն անվանել է «Ժամանակակից վէպք») և բանաստեղծություններ, որոնցում բողոքում է սոցիալական ճնշման («Ազգային վիճակ»), բռնակալության դեմ («Բռնավոր սուլթան»), ձոներգում Զեյթունի հերոսամարտը («Եզվիտներ և Զեյթուն»), գովերգում հայրենի բնաշխարհը, հայրենիքը («Գիշեր»): Շահազիզի բանաստեղծություններից առավել հայտնին «Երազն» է, որը վերածվել է երգի: Շահազիզի գրական-մանկավարժական գործունեության 30-ամյակի (1892) առթիվ արտասանած ճառերը, հոդվածներն ու նրա յոթ բանաստեղծությունը հրատարակվել են «Յոբելեանի տարեդարձ» (1893) ժողովածուում, որից ստացած գումարով Շահազիզը ստեղծել է «Աբովյան-Նազարյան» հիմնադրամը: 1898-99-ին Մոսկվայում կազմակերպել և գլխավորել է համիդյան կոտորածներից որբացած հայ երեխաների խնամքի ու կրթության գործը: Շահազիզի գրական ժառանգության մեջ նշանակալի տեղ ունի հրապարակախոսությունը: Շահազիզը կարևորել է աշխարհաբարը («Հրապարակախօս ձայն», 1881), քննադատել ուսուցման և դաստիարակության հին համակարգը («Ամառնային նամակներ», 1897), դատապարտել ռուսական իշխանությունների հայահալած քաղաքականությունը, բռնակալությունը («Յիշողութիւններ Վարդանանց տօնի առիթով», 1901), եվրոպական և թուրքական քաղաքականությունը («Մի քանի խօսք իմ ընթերցողներին», 1903): Մահացել է 1907 թվականի հունվարի 5-ին Մոսկվայում: Թաղված է հայկական գերեզմանատանը:

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
 
Շահազիզ Ե., Սմբատ Շահազիզի կենսագրությունը, Երևան, 1944թ.:

Մանուկյան Ա., Սմբատ Շահազիզ. Երևան, 1959թ.:

Հովասափյան Հ., Սմբատ Շահազիզ. Երևան, 1960թ.:
 
Ստեղծագործություններ

Երկեր, 1961թ.:

Բանաստեղծություններ, Երևան, 1980թ.:

Չափածո երկեր. (Լիակատար ժողովածու), Երևան, 1993թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am