ՇԱՀԻՆՅԱՆ Մարիետա Սերգեյի.ծնվել է 1888 թվականիմարտի 21-ին Մոսկվայում: Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1946), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1950): Սոցիալական աշխատանքի հերոս (1976): Հ. Ս. Խաչատրյանցի կինը: Ավարտել է Գերյեի կանանց բարձրագույն դասընթացների պատմափիլիսոփայական ֆակուլտետը (1913): Գրել է ռուսերեն: Շահինյանը մեծ ճանաչում է ստացել «Orientalia» (1913) բանաստեղծությունների ժողովածուով: 1922-ին գործուղվել է Հայաստան, գրել «Սովետական Հայաստան» (1923) գիրքը: 1924-25-ին Ջիմ Դոլար կեղծանունով սկսել է լույս ընծայել «Մեսս-Մենդ» (կինոնկար՝ 1926, հայերեն հրատ.՝ 1971) հակաֆաշիստական արկածային վիպակների շարքը: 1927-ի վերջին կրկին այցելել է Հայաստան: Շահինյանը հրատարակել է «Հիդրոցենտրալ» (1930-31, հայերեն հրատ.՝ 1932) վեպը, «Ուրալը պաշտպանության մեջ» (1944) ակնարկների, հոդվածների ժողովածուն: «Հնգամյակի ուղիներով» (1947), «Ճանապարհորդություն Սովետական Հայաստանում» (1950, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1951, հայերեն հրատ.՝ 1952) ակնարկների ժողովածուները նվիրված են ժամանակի կարևոր իրադարձություններին,Մարիետա Շահինյանի դիմանկարը. հեղինակ՝ Ստեփան Աղաջանյան: դեպքերին: Հեղինակ է Յո. Գյոթեի, Մ. Նալբանդյանի, Ա. Շիրվանզադեի և ուրիշների, ինչպես նաև կարելա-ֆիննական «Կալևալա» էպոսի մասին մենագրությունների, «Գրական օրագիրը» (1923), «Գրականության և արվեստի մասին» (1958), «Հայ գրականության և արվեստի մասին» (1961) գրականագիտական աշխատությունների: Շահինյանը անդրադարձել է լենինյան թեմային [«Ուլյանովների ընտանիքը» (1938, վերամշակված հրատ.՝ 1957, հայերեն հրատ.՝ 1961), «Առաջին համառուսականը» (1965, հայերեն հրատ.՝ 1970), «Պատմության հարցատոմսը» (1970), «Չորս դաս Լենինից» (1970, հայերեն հրատ.՝ 1976)]: «Մարդը և ժամանակը» (1980) հուշագրությունը նվիրված է անհատի ձևավորման խնդիրներին: Շահինյանը ռուսերեն է թարգմանել Հ. Թումանյանի, Հ. Հովհաննիսյանի, Ա. Ծատուրյանի, Ս. Շահազիզի ստեղծագործություններից: Մահացել է 1982 թվականի մարտի 20-ին Մոսկվայում:

 

Գրականության ցանկ

 Աղբյուրներ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Աճեմյան Գ., Մարիետա Շահինյանի հետ, Երևան, 1981թ.:

Маргарян А., Мариетта Шагинян, Творческий путь.. Ереван.1956;

Серебряков К. В., Уроки жизни, Москва. 1977,  

Скорино Л. И., Мариетта Шагинян-художник, 2 изд. доп., Москва, 1981:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am