ՇԵՀՐԻՄԱՆՅԱՆ (Շահրիմանյան, Շերիման) Զաքարիա Աստվածատուրի. ծնվել է 1708 թվականին Վենետիկում:  Գրող, փիլիսոփա, թարգմանիչ: Գրել է իտալերեն: Շեհրիմանյանի «Արիստիպպոս» (1744) քնարական ստեղծագործությունը Սոկրատեսի աշակերտ Արիստիպպոս Կյուրենացու (մ. թ. ա. 435-355) հայացքների քննությունն է: Շեհրիմանյանի նշանավոր գործերից են «Կայոս Մարտիոս Կորիոլանոս» (1747) երգախառն պատմական դրաման, «Ալմանախ ի պետս իմաստակների» փիլիսոփայական երկը: Շեհրիմանյան գրել է նաև բժշկագիտական գործեր («Բժիշկների և բժշկության մասին», «Հիվանդություններ, որոնց բուժման համար ավելի շուտ պետք է դիմել բնությանը, քան թէ բժշկին»): Շեհրիմանյան առավել հայտնի է դարձել «Էնրիկո Վանտոնի ճանապարհորդությունը կապիկների և շնագլուխների աշխարհում» (հատոր 1-4, 1764) արկածային վեպով, որը լույս է տեսել անանուն: Շեհրիմանյանը վեպը ներկայացրել է որպես անգլերեն մի ձեռագրից կատարված թարգմանություն: Երկրորդ անգամ վեպը հրատարակվել է 1848-ին՝ հեղինակի անունով: Անգլիացի գիտնական Մաքսվել Ուայթը Մանչեստրում հրատարակել է «Զաքարի Սերիմանը և Էնրիկո Վանտոնի ճանապարհորդությունները» (անգլերեն, 1961) մենագրությունը, որտեղ որպես հավելված զետեղվել են Շեհրիմանյանի փոքրածավալ գործերն ու նամակները: Մահացել է 1784 թվականին Վենետիկում:

 

Գրականության ցանկ 

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am