ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ (Շիրմազանյան) Գալուստ Հարությունի. ծնվել է 1807 թվականին Ջուղայում: Բանահավաք, հասարակական գործիչ, դրամատուրգ: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1824-27): 1836-ին Թիֆլիսում հիմնադրել է «Շերմազանյան դարբաս» թատերասրահը: 1864-65-ին՝ Թիֆլիսի քաղաքագլուխ: Եղել է նաև Թավրիզի քաղաքագլուխ: «Իմ նշանածն Արազն ա», «Ազգային հարսանիք» (երկուսն էլ՝ «Կռունկ Հայոց աշխարհի», 1861, № 4,6, չափածո), «Ասրի բեկ եւ Գիքի» (Սույն հանդեսում, 1862, Ns 1, 1863, № 2) պիեսներում նշավակել է հասարակական կյանքի բացասական գծերը, արտացոլել ազգային-կենցաղային սովորույթներն ու ծեսերը, ընդգծել բռնակալության դեմ պայքարի գաղափարը: Շերմազանյանի դրամատուրգիայում ուշագրավ է «Նկարագրութիւնք ինչ-ինչ գործոց Կարապետի եպիսկոպոսի վիճակաւոր առաջնորդի Հայոց գաղթելոց ի Տայս» (1841) քաղաքական երգիծական պիեսը: Շերմազանյանի հավաքած բազմաթիվ ձեռագրերի, աշուղական երգերի, ազգագրական նյութերի մեծ մասը հրատարակվել է զանազան պարբերականներում: Կազմել է «Անեկդոտներ, զուարճալի զրոյցներ, համառօտ դեպքեր եւ առակներ մեծ մասամբ ազգային կեանքից առած» (1878) ժողովածուն: Շերմազանյանը զբաղվել է պատմության հարցերով և իր ուսումնասիրություններն ամփոփել է «Նիւթեր ազգային պատմութեան համար: Երեւելի հայկազունք ի Պարսկաստան» (1890) գրքում (Իգմիրյան մրցանակ՝ 1889): Մահացել է 1891 թվականի հոկտեմբերի 15 (27)-ին Զալեսնոյե գյուղում: 


Գրականության ցանկ

Աղբյուրներ 

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
 

Ստեղծագործություններ

Նկարագրությունք ինչ-ինչ գործոց. (ներածությունը և ծանոթագրությունները՝ Ա. Մնացականյանի), «Գիտական նյութերի ժողովածու», № 2, Երևան, 1950թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am