ՇԻՐԱԶ Հովհաննես (Կարապետյան Օնիկ Թադևոսի). ծնվել է 1914 թվականի ապրիլի 26-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Բանաստեղծ: Ա. Շիրազի հայրը: Սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում (1937-41), Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում (1952-56): 1935-ին լույս են տեսել Շիրազի «Գարնանամուտ» ժողովածուն, «Սիամանթո և Խճեզարե» վիպերգը: Այնուհետև տպագրվել են «Արևի երկիր» (1938) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940), «Բանաստեղծի ձայնը» (1942), «Երգերի գիրքը» (1942), «Լիրիկա» (1946) բանաստեղծությունների ժողովածուները, «Բիբլիական» (1942, հրտ.՝ 1946) պոեմը: Շիրազին հատկապես մեծ ժողովրդականություն են բերել «Քնար Հայաստանի» ժողովածուի 3 հատորները (1958, 1964, 1974), Բեյրութում լույս տեսած «Հայոց դանթեականը» պոեմը (1965), «Հուշարձան մայրիկիս» (1968), «Համամարդկային» (1975) ժողովածուները, «Խաղաղություն ամենեցուն» (1982) պոեմը:

Շիրազի գեղագիտական մտածողության մեջ կարևոր տեղ ունեն ժողովրդական երգն ու բանահյուսությունը, միջնադարյան տաղերգությունն ու աշուղական խաղերը: Շիրազի պոեզիան նաև բնության ձայների ու բազմազան դրսևորումների առանձնահատուկ վերարտադրություն է, որի շնորհիվ բնությունը դառնում է խոսքի ելակետ ու չափանիշ: Շիրազը 1940-50-ական թթ. քննադատվել է անհատապաշտության մեղադրանքով: «Վիրավոր զինվոր, դու, իմ լիրիկա, Ես քո արյունից ելած մանուշակ», գրել է բանաստեղծը «Քնարերգական» բանաստեղծության մեջ: Շիրազի համար պոեզիայի հիմքը զգացմունքայնությունն է ու խիղճը՝ «Երգս ձեր խիղճը արթուն կպահի, Ես դարի խիղճն եմ, ես շեվարը չեմ»:

Շիրազին հատկապես թանկ են մարդու, բնության, սիրո, հայրենիքի ներշնչած ապրումները: Խոհափիլիսոփայական մտորումներում Շիրազն արծարծել է կյանքի ու մահվան առեղծվածի, մարդու բնույթի ճանաչողության հարցերը («Ինքներգանք համամարդկային», «Բնության գլուխգործոցը»): «Բիբլիական» պոեմի հերոսը մարդն է՝ ժամանակային մեծ ընդգրկումների խտացումով: Մարդու հավերժ, կերպարի բացահայտման հարցում Շիրազի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է վերապահված մորը և մայրերգությանը: Շիրազը վերաիմաստավորել է մոր թեման՝ «մայր» հասկացությունը դնելով աշխարհի հավերժական արժեքների շարքում («Մայրս», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում...», «Ձեռակերտն է մայրս Աստծո հանճարի» և այլն): Շիրազի սիրերգությունն ինքնամոռաց ապրումն է, անմնացորդ ինքնայրումը՝ կնոջ տեսքով հայտնված գեղեցկության հանդեպ («Միայն սերը», «Սերն աշխարհակալ», «Ամենայն էակ», «Հնչեց մեղեդին զանգերի լռած», «Գինետան բաժակի նման ձեռքից ձեռք անցած մի աղջիկ»): Հայրենասիրական քնարերգությունը Շիրազի ստեղծագործության մեջ ունի ընդգրկման լայն ոլորտ՝ ժողովրդի պատմական անցյալ, սփյուռքահայության ճակատագիր, պատմական հայրենիքի ազատագրման հույս, հայոց լեզվի պահպանում («Հայոց հրաշքը. Մեսրոպ Մաշտոց», «Խոսք մեծախորհուրդ պատգամի», «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», «Հայ ժողովրդի երգը», «Կտակ», «Արարատին»,«Անի», «Հայոց դանթեականը» և շատ այլ բանաստեղծություններ ու պոեմներ): Շիրազի ստեղծագործության անբաժանելի մասն են կազմում առակները («Օձն ու մեղուն», 1953, «Առակս զինչ ցուցանե...», 1978), բազմաթիվ քառյակները («Յոթնապատում», 1977) և թարգմանությունները: Մահացել է 1984 թվականի մարտի 14-ին Երևանում:

Շիրազի անունով կոչվել են  դպրոց, փողոց Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: Գյումրիում բացվել է Շիրազի թանգարանը (2002): 

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Հովհաննես Շիրազի մասին, Երևան, 1974թ.:

Բատիկյան Լ., Հովհաննես Շիրազի Մայրականը, Երևան, 1976թ.:

Աթաբեկյան Մ., Հովհաննես Շիրազի քնարերգությունը, Երևան, 1979թ.:

Գասպարյան Դ., Պոեզիան և կյանքի ճշմարտությունը, Երևան, 1990թ.:

Հովհաննես Շիրազ: Մատենագիտություն, Երևան, 1989թ.:

Մուրադյան Ս., Հովհաննես Շիրազ, Գիրք Ա., Ե., 2012:

Ստեղծագործություններ

Քնար Հայաստանի, հատոր 1-3, Երևան, 1958-74:

Երկեր, հատոր 1-4, Երևան,1981-86թ.:

Հուշարձան մայրիկիս, Երևան, 1980թ.:

Հայոց դանթեականը, Երևան, 1990թ.: 

Հովհաննես Շիրազ, «Անի», Երևան, 2011թ.:

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am