ՇԻՐՎԱՆԶԱԴԵ Ալեքսանդր (Մովսիսյան Ալեքսանդր Մինասի). ծնվել է 1858 թվականի ապրիլի 7-ին Շամախիում: Գրող, դրամատուրգ: Նրա ստեղծագործությունները հիմնված են ազգային-համամարդկային արժեքների վրա, 1930 թթ. արժանացել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրողի կոչմանը: Անդրկովկասի մշակույթի վաստակավոր գործիչ: Սովորել է Շամախու հայոց թեմական և ռուսական գավառական երկդասյան դպրոցներում, ապա ընտանիքին օգնելու նպատակով մեկնել Բաքու՝ աշխատելու: 1883-ին տեղափոխվել է Թիֆլիս: Աշխատակցել է «Մշակ», «Արձագանք» պարբերականներին, որոնցում տպագրվել են Շիրվանզադեի «Հրդեհ նաւթագործարանում» (1883) պատմվածքը, «Գործակատարի յիշատակարանից» (1893), «Խնամատար» (1884) վիպակները, «Ֆաթման եւ Ասադը» (1888), «Տասնուհինգ տարի անց» նորավեպերը, «Նամուս» (1885), «Արամբին» (1888), «Զուր յոյսեր» վեպերը: «Իմ կրիտիկոսներին» հոդվածում Շիրվանզադեն տվել է ռեալիզմի բնութագիրը, քննադատել իրականության արտացոլման լուսանկարչական եղանակը, կարևորել երևույթների ընդհանրացումն ու տիպականացումը: Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի հասարակական-քաղաքական բուռն իրադարձությունների տարիներին [«Արսեն Դիմաքսեան», 1893, վեպ, «Ցաւագարը» («Չար ոգի»), 1894, «Մելանիա», 1899. «Արտիստը», 1901, վիպակներ, «Կործանուածը», 1909. «Արհավիրքի օրերին», 1917, դրամաներ]: 1898-ին լույս է տեսել Շիրվանզադեի «Քաոս» վեպը, որ հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե' գաղափարական առումով: Շիրվանզադեն պատկերել է արդի քաղաքը, ազատ ձեռնարկատիրական հարաբերությունների հաստատումը, բարոյական արժեքների անկումը և ստեղծել սոցիալ-հոգեբանական սուր բախումների տեսարաններ: 1898-ին Շիրվանզադեն երկու տարով աքսորվել է Օդեսա: Շիրվանզադեն գրել է գրական լեզվով, մերժել բարբառները, կերպարների տիպականացման համար դիմել է հատկապես հոգեբանական վերլուծությանը: 1905-ին մեկնել է Փարիզ: Բացառիկ է Շիրվանզադեի դերը հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Ստեղծել է կենցաղային, սոցիալ-հոգեբանական դրամաներ և կատակերգություններ («Իշխանուհի», 1891, «Եւգինէ», 1903, «Պատուի համար», 1905, «Շառլատանը», 1912, «Մորգանի խնամին», 1930): 1926-ին վերադարձել է հայրենիք: Հեղինակ է նաև բազմաթիվ հոդվածների և հուշագրությունների («Կյանքի բովից», 1926-32): Մահացել է 1935 թվականի օգոստոսի 7-ին Կիսլավոդսկում: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսագյու պանթեոնում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Հակոբյան Ս., Շիրուանգադէ. Թիֆլիս, 1911թ.:
Տերտերյան Ա., Շիրուանզադէ, Թիֆլիս, 1911թ.:
Տերտերյան Ա., Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը, Երևան, 1953թ.:
Թամրազյան Հ., Շիրվանզադեի դրամատուրգիան. Երևան, 1954թ.:
Թամրազյան Հ., Շիրվանզադե, Կյանքը և գործը, Երևան, 1978թ.:
Ալեքսանդր Շիրվանզադե (1858-1935), Բիբլիոգրաֆիա, Երևան, 1959թ.:
Ստեղծագործություններ
Երկերի ժողովածու, հատոր 1-4, Թիֆլիս, 1903-1912թ.:
Շիրվանզադե Ա., Պատմվածքներ. ընտրանի, Երևան, 1986թ.:
Շիրվանզադե Ա., Պատմվածքներ, «Լույս» հրատ., Երևան, 1986 թ.:
Շիրվանզադե Ա., Երկեր, Գիրք 1, «Հայաստան» հրատ., Երևան, 1971 թ.:
Շիրվանզադե Ա., Երկեր, Գիրք 2, «Հայաստան» հրատ., Երևան, 1971թ:
Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-8, Երևան, 1929-1934թ.:
Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-9, Երևան, 1950-1955թ.:
Երկերի ժողովածու հատոր 1-10, Երևան, 1958-1962թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am