ՍԻՄԵՈՆ ՋՈՒՂԱՅԵՑԻ. ծնվել է 16-րդ դարի վերջին: Ջուղա: Փիլիսոփա, տրամաբան, քերական, հասարակական գործիչ: Սկգբնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայում: 1620-ից աշակերտել է Խաչատուր Կեսարացուն: 1630-ին նրա հետ մեկնել Է Լվով, որտեղ տեղի հայերի կաթոլիկացմանն ընդդիմացող Էջմիածնի պատվիրակների հետ կաթոլիկ միսիոներների կազմակերպած դավանաբանկան և գիտական բանավեճում պարտվելուց հետո վերադարձել է Հայաստան: 1631-ի սկզբին Երևանում Ոսկան Երևանցու հետ փիլիսոփայություն է ուսանել ՄԵլքիսեթ Վժանեցու մոտ: 1631-ի աշնանը վերադարձել է Նոր Ջուղա և մանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվել ինքնակրթությամբ: 1641-ին օծվել է վարդապետ, տեղափոխվել Հովհաննավանք, ապա՝ Էջմիածին: 1640-ական թթ. կեսին տեղափոխվել է Հավուց թառի վանք և ստացել եպիսկոպոսի աստիճան: 1656-ին, որպես Էջմիածնի նվիրակ հայկական գավառներում:

Կրոնադավանաբան հայացքներով լինելով 17-րդ դարում վերսկսված միարարական (ունիթորական) շարժման հակառակորդ՝ Ջուղայեցին պաշտպանել է Հայ եկեղեցու ինքնուրույնության իրավունքը: Շարունակել և զարգացրել է Արիստոտելի, Նեմեսիոս Եմեսացու. Պրոկլ Դիադոխոսի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթևացու և այլոց փիլիսոփական տեսակետները: Ընդունելով հանդերձ Աստծու գոյությունն ու արարչագործությունը՝ կարծում Էր, որ աշխարհի արարումից հետո Աստված այլևս չի միջամտում նրա զարգացմանը, այն տեղի է ունենում բնության ներքին օրինաչափություններով: Իրերն ու երևույթները դիտելով անխզելի կապի մեջ՝ նա կարծում Էր, որ սկզբունքորեն ամեն ինչ ճանաչելի Է, և ճանաչվածի միջոցով հնարավոր Է ճանաչել չճանաչվածը: Որպես իմացության աղբյուր ընդունելով զգայությունները՝ դրանք բաժանել Է արտաքինի և ներքինի՝ հիմք ընդունելով զգայության առարկայի անմիջական կամ միջնորդավորված գոյությունը: Սկսվելով արտաքին զգայություններից՝ ճանաչողությունը ավարտվում է բանական աստիճանում: ճանաչողության տեսության առնչությամբ նա շոշափել է նաև գիտությունների դասակարգման, դրանց կապի, փոխհարաբերության, տեղի, դերի, իմացական նշանակության և այլ հարցեր («Գիրք տրամաբանութեան», 1728): Քննարկելով տրամաբանության առարկայի, գիտությունների համակարգում նրա տեղի ու դերի, տեսակների ու բնույթի, դրանց ճանաչողության նշանակության հարցերը՝ տրամաբանությունը համարել է նախ և առաջ գիտություն մտահանգումների մասին:

«Գիրք որ կոչի քերականութիւն» (1637, հրատ.՝ 1725) աշխատության մեջ, օգտագործելով Դիոնիսիոս Թրակացու քերականությունը, աշխատել է խուսափել լատինաբանությունից: Նա քերականության նյութ է համարել գիրը կամ տառը, վանկը, բառը և «բանը»: Հայերենի տառերը (հնչյունները) բաժանել է ձայնավորների (սուղեր, առաջագիրներ), բաղաձայնների (թավեր, լծորդներ, անձայններ, կրկնակներ) և երկբարբառների: Ընդունել Է 8 խոսքի մաս, անվանը հատկացրել 6 քերական, կարգ՝ քանակ, սեռ, ձև, տեսակ, թիվ և հոլով, բային՝ 4 սեռ (ներգործական, կրավորական, «ընդմիջական»՝ չեզոք, հասարակ), տեսակ, ձև, թիվ, դեմք, ժամանակ, եղանակ և այլն: Անդրադարձել Է նաև դերանուններին, հոդերին, մակբայներին և այլն:

Ավարտելով հայ փիլիսոփայական մտքի ընդհատված առաջադիմական ավանդույթների՝ 17-րդ դարից սկսած վերականգնման ընթացքը՝ Ջուղայեցին դրել է նոր շրջանի փիլիսոփայության զարգացման սկիզբը: Մահացել է 1657 փետրվարի 27-ին Եվդոկիայում: Նրա առանձին մտքեր դեռևս 18-րդ դարում շնորհիվ իր գաղափարական հակառակորդ Կղեմես Գալանոսի, հայտնի են դարձել լատինալեզու ընթերցողներին:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Նամակ Ոսկան Երևանցուն, «Բազմավեպ», 1967. №6-7:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am