ՍԻՄԵՈՆ ԼԵՀԱՑԻ, Սիմեոն Զամոսծացի, Սիմոն Միկոլայովիչ. ծնվել է 1584 թվականին, Զամոստիե (այժմ՝ Զամոշչ՝ Լեհաստանում): Ուղեգրող, գրիչ, բանաստեղծ, մանկավարժ, հասարակական, եկեղեցական գործիչ: Սովորել է ծննդավայրի հայկական վարժարանում, աշակերտել տաղերգու և գրիչ Հակոբ Թոխաթցուն: Կ. Պոլսում ուսանել է Գրիգոր Կեսարացու, կաթողիկոս Մովսես Գ Տա-թևացու, Ազարիա Սասնեցու մոտ, ստացել դպիրի աստիճան: 1608-19-ին ճանապարհորդել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, այցելել Հայաստան: 1624-36-ին դասավանդել է Լվովի հայկական դպրոցում, զբաղվել գրչությամբ, գրական աշխատանքով:

Սիմեոն Լեհացու երկասիրություններից արժեքավոր է հատկապես «Ուղեգրութիւնը», որն ըստ ճամփորդ. գրառումների՝ շարադրել է 1619-25-ին: Այն իր ձևով և բովանդակությամբ եզակի երևույթ է միջնադարյան գրականության մեջ: Հեղինակը տեղեկություններ է հաղորդում հայկական գաղթավայրերի, Հայաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի վերաբերյալ, անդրադարձել է Հայ եկեղեցու պատմությանը, ներկա վիճակին, նկարագրել այցելած եկեղեցիներն ու վանքերը, ծանոթացրել դպրոց, գործի դրվածքին և այլն: Թուրքիային վերաբերող հատվածում վեր է հանել իշխանությունների կամայականությունները հայերի, հույների, արաբների նկատմամբ: «Տարեգրութիւնում», որն առաջի¬նի շարունակությունն է, շարադրել է Լեհաստանի պատմության 1623-35-ի կարևորագույն իրադարձությունները, մեծ տեղ հատկացրել լեհահայ համայնքին, ապրելակերպին, բնակչության թվի, զբաղմունքի, դպրոցների, եկեղեցիների, մշակութային կենտրոնների նկարագրությանը: Պատմական մեծ արժեք ունեն նաև Լեհացու հիշատակարանները: 1634-ին գրել է «Վիպասանութիւն Նիկոլական» (հրատ.՝ 1896, Ալիշանի «Կամենից Տարեգիրք» գրքում) երգիծական պոեմը՝ ընդդեմ կաթոլիկ գաղափարախոսության և Լեհաստանի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի շահատակությունների: Ըստ Սիմեոն Լեհացու՝ սեփական պետականության բա¬ցակայության պայմաններում հայերի գլխավոր խնդիրը գոյատևումն է՝ մայրենի լեզվի, դպրոցի, Հայ առաքելական եկեղեցու ավանդույթների և ինք¬նուրույնության պահպանումը: Այս է հակակաթոլիկ հայացքների համար հալածվել է. բանտարկվել: Նա հեղինակ է նաև պանդխտության երգերի («Յաշխարս եւ շուրջ եկի» և այլն), որոնք ներշնչված են հայրենասիրությամբ: Լեհացու լեզուն գրաբարախառն աշխարհաբարն է:
Ընդօրինակել է բազում ձեռագրեր, որոնցից պահպանվել են 12-ը (գտնվում են Մատենադարանում և տարբեր հավաքածուներում): Մահացել է 1637 թվականին Լվովում: 
 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Ուղեգրութիւն, տարեգրութիւն եւ յիշատակարանք. Վենետիկ, 1936: 

Ուղեգրություն (թարգմանությունը,առաջաբանը և ծանոթագրությունները՝ Ա. Մադոյանի, բնագրի հետ համեմատեց և խմբագրեց՝ Վ. Ներսիսյանը), Ե., 1997: 

Путовые заметки. М.. 1965.

Գրկ. Ակինյան Ն . Սիմէոն դպիր Լեհացի, ՀԱ, 1932, էջ 447-464: 

Дарбимян М , Путевые замет ки Симеона Леаци. "Исторические связи и друж¬ба украинского и армянского народов", Е., I96I, с. 229 — 236; 

Украинско-армянские связи в XVII веке (сб. док.). Киев. I969.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am