ՍԻՊԻԼ (Զապել Հովհաննեսի Խանջյան), Զապել Ասատուր. ծնվել է 1863 թվականի հոկտեմբերի 1-ին Կ. Պոլիսում: Գրող, մանկավարժ: Ավարտել է Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանը (1879): Հիմնել է Ազգանվեր հայուհյաց ընկերությունը (1879): Ուսուցչություն է արել գավառներում, ապա՝ Կ. Պոլսի վարժարաններում: 1898-ին Գրիգոր Զոհրապի և ամուսնու՝ Հ. Ասատուրի հետ վերահրատարակել է «Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադեմեր քօղին ետեւէն» դիմանկարների շարքը՝ նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներին: Այդ շարքը հետագայում զետեղվել է Հ. Ասատուրի և Սիպիլի կազմած «Դիմաստուերներ»-ում (1921): 1891-ին հրատարակել է «Աղջկան մը սիրտը» վեպը, 1902-ին՝ «Ցոլքեր» բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Բանաստեղծությունների հիմնական թեման սերն է, հայրենիքը: Սիպիլի ստեղծագործություններին ներհատուկ են քնարական ու էպիկական տարրերի զուգադրությունը, ճկուն ու հղկված լեզուն: Սիպիլը շարունակել է արևմտահայ ռոմանտիկ քնարերգության ավանդույթները՝ ներհյուսելով այն նոր ժամանակների իրապաշտական մտածողությանը: Սիպիլը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, մանկավարժամեթոդոդական հոդվածներ, կազմել «Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի» (1879) դասագիրքը, որը Հ. Ասատուրի աշխատակցությամբ բարեփոխվել և «Թանգարան հատընտիր հատուածներու» ընթերցարանների հետ բազմիցս վերահրատարակվել է: Սիպիլի ստեղծագործ, ժառանգության մաս են կազմում նամակները (տե´ս Ասատուր Հրանտ և Ասատուր Զապել, «Սիրային նամակներ», 2001): Մահացել է 1934 թվականի հուլիսի 19-ին Կ. Պոլիսում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Երկ., Ե.,1965: 

Քերթվածներ, Ե., 1935: Գրկ. Մինասյան Ա. Մ., Սիպիլ: 

Զապել Ասատուր (կյանքը Ա գրական գործունեությունը), Ե., 1980:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am