ՍԻՐՈՒՆԻ (Ճոլոլյան) Հակոբ Առաքելի. ծնվել է 1890 թվականի ապրիլի 18-ին Ադաբազարում: Հայագետ, արևելագետ, գրող, գրականագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ: Սովորել է Կ. Պոլսի Էսայան վարժարանում (1901-04), Կ. Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1909-13): 1922-ին բնակություն է հաստատել Ռումինիայում: 1913-ին հիմնել է «Գրական ասուլիսներ» պարբերականը, 1914-ին Դ. Վարուժանի հետ խմբագրել և հրատարակել է «Նավասարդ» տարեգիրքը: Աշխատակցել է հայկական և ֆրանսական հանդեսների ու թերթերի: 1906-ին խմբագրել և հրատարակել է «Երազ», 1910-ին՝ «Առավոտ». 1918-19-ին՝ «Արիամարտ», 1922- 1923-ին և 1931-ին՝ «Նոր արշալույս», 1923-26- ին՝ «Նավասարդ», 1924-28-ին՝ «Արի» և այլ պարբերականներ: Ռումինիայում ծավալել է մշակութային, հասարակական գործունեություն, նպաստել հայագիտության և արևելագիտության ուսումնասիրմանը: Երկար տարիներ գրաբար, ժամանակակից հայերեն և թուրքերեն է դասավանդել Արևելյան Եվրոպայի հետազոտությունների և Բալկանյան ինստիտուտներում, Արխիվային բարձրագույն վարժարանում: Ու-սումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի պատմությանը [«Հայ մշակույթի պատմության ժամանակագրություն», ռումիներեն, 1935-41, «Հայաստանը ըստ թուրք աշխարհագիրներու», 1965, «Թանզիմաթ եւ հայերը», 1966. «Հայերի ժամանակագրական պատմություն (հնագույն շրջանից մինչև 859)», ռումիներեն, 1942-43), հայ գրականությանը և մշակույթին («Ռուբէն Զարդարեան», 1925, «Երուանդ Օտեան», 1927, «Մկրտիչ Պեշիկթաշլեան», 1930, «Խրիմեան Հայրիկ», 1934, «Ինչպես որ էին. Դանիէլ Վարուժան», 1940, «Կոմիտասին հետ», 1965-69, «Միսաք Մեծարենց», 1968-69, «Ցովհաննէս Թումանեան», 1969), ձեռագրագիտությանը, աղբյուրագիտությանը, մատենագիտությանը, Ռումինիայի և այլ հայ գաղթավայրերի պատմությանը («Ռումինահայ քրոնիկոն», մաս 1, 2, 1933, 1934, «Նոթեր Արճէշ քաղաքէն», 1942, «Պոլիս եւ իր դերը», հատոր 1-5, հրատ.՝ հատոր 1-2, 1965, 1970): Սիրունիի հայտնաբերած և հրատարակած հայկական և թուրքական աղբյուրները նոր լույս են սփռում Ռումինիայի պատմության վրա («Թուրքական հրոսակախմբերի անծանոթ մի արշավանք Ռումինիայում 1769թ.», 1940, «Ռումին իշխանները Բ. Դռան մոտ», 1941, «Թուրքական դրամների շրջանառությունը ռումինական երկրներում», 1944, բոլորն էլ՝ ռումիներեն): Եղել է Ռումինիայի նշանավոր արևելագետներից: Վ. Բընըցյանուի հետ հիմնադրել է արևելագետների ընկերությունը (1971-ից՝ պատվավոր նախագահ), ղեկավարել նրա հայագիտության բաժանմունքը: Սիրունիի բանաստեղծությունների մեծ մասն ամփոփված է «Մթնշաղ» (1908) և «Դէպի տաճարն հրաշքին» (1914) ժողովածուներում: Արձակ ստեղծագործությունները տպագրվել են ժամանակի պարբերականներում [«Կեանքի մրոտէն» («Արևելք», «Բյուզանդիոն», 1907), «Բանտի յուշատետրէս» («Ազատամարտ», «Եգիպտահայ տարեցույց», 1914-15)]: Գրել է նաև դրամատիկական գործեր, հուշագրություններ, դիմաստվերներ, կատարել թարգմանություններ ֆրանսերենից, ռուսերենից, թուրքերենից:

Ուշագրավ են նաև Սիրունօի «Ռումինական բառեր Տրանսիլուանիայի հայերի բարբառում» (1927), «Ռումինիայի վերաբերեալ նոթեր հայ մի հեղինակի մօտ. Հ. Ղուկաս Ինճիճեան», 1928, «Քաղուածքներ Կամենեցի հայերի ժամանակա- գրութիւնից (1430-1611)» (մաս 1, 1936) և այլ ուսումնասիրություններ: «Կոմիտաս» երաժշտական միության», «Ռումինահայ կեդրոնական մատենադարանի», «Հայ մշակույթի տան» և հայ մշակութային այլ ընկերակցությունների հիմնադիրներից: ՀՄԸՄ Ոումինիայի շրջանային վարչության նախագահ: Մահացել է 1973 թվականի ապրիլի 7-ին Բուխարեստում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Ինքնակենսագրական նօթեր, Ե . 2006: 

Գրկ. Մատենագիտություն պրոֆեսոր Հ. Ճ. Սիրունու հայագիտական աշխատասիրությունների, «Էջմիածին» 1971, № 1: 

Հ. Ճ. Սիրունու գրական երկերի մատենագիտությունը, ԲՀԱ, № 3. 1977

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am